News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում «Ամիրանի» կինոթատրոնի մոտ անկարգությունների մասնակից կալանավորվածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Մի քանի հարյուր մարդ՝ տարբեր ուլտրաազգայնական խմբերի առաջնորդներ եւ կողմնակիցներ,  հավաքվել են «Ամիրանի» կինոթատրոնի մոտ, որպեսզի խափանեն «Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» (And Then We Danced) վրաց-շվեդական համատեղ ֆիլմի ցուցադրումը։ Վրացական ազգային անսամբլի երկու մենակատարների սիրավեպի մասին կինոնկարը նրանք անվանում են «գեյ-քարոզչություն»։

Կինոնկարի ցուցադրումից մեկ ժամ առաջ արմատականները նախաձեռնել էին «Ամիրանի» կինոթատրոնի գրոհման մի քանի փորձ։ Նրանք պիրոտեխնիկա էին նետել ոստիկանների վրա եւ փորձել էին ճեղքել իրավապահների շարքը։ Միջադեպի վայր էր բերվել հատուկ նշանակության ջոկատ։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ չնայած արմատականների ցույցերին՝ «Թբիլիսիում բոլոր կինոցուցադրումները ժամանակին սկսվել են»։ Սեանսների ժամանակ կինոթատրոնների մոտ «անհրաժեշտ թվով ոստիկանական ուժեր կան»։

«Քաղաքացիների կողմից, որոնք հավաքվել են Մերաբ Կոստավայի փողոցում, որպեսզի խափանեն կինոցուցադրումը, մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Վերջին տեղեկատվության համաձայն, իրավախատումների փաստերով «Ամիրանի» կինոթատրոնի հարակից տարածքում  ոստիկանությունը կալանավորել է 11 մարդու»,- հայտնել է նախարարությունը։

Նաեւ ՆԳՆ-ն «բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցել քաղաքացիական ակտիվիստուհի Աննա Սուբելիանիի վրա հարձակման հետ կապված։ Երբ աղջիկը փորձել է կինոթատրոն մտնել, նրա դեմքին ծանր իրով հարվածել են։ Ոստիկանները կարողացել են նույնականացնել եւ կալանավորել հարձակվողին։

«Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերայի ցուցադրումն «Ամիրանի»-ում արդեն ավարտվել է։ Հանդիսատեսները կինոթատրոնից անվտանգության ուժեղացված միջոցառումների ուղեկցությամբ լրացուցիչ ելքով են դուրս գալիս։ Տեղի ժամանակով 22։00-ին մայրաքաղաքի հինգ կինոթատրոններում սկսվում է երկրորդ սեանսը։

«Հասարակական անվտանգությունը եւ կարգը ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները մնում են տեղերում։ Ոստիկանությունը բոլոր քաղաքացիներին կոչ է անում պահպանել օրենքը։ Իրավախախտման յուրաքանչյուր փաստի ՆԳՆ-ն պատշաճ կերպով կարձագանքի»,- ասվում է հաստատության հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիի եւ Բաթումի բոլոր կինոթատրոնների մոտ, որտեղ ցուցադրել են վրաց-շվեդական արտադրության ֆիլմը։ Որոշ դեպքերում բողոքները սահմանափակվել են հոգեւորականների աղոթքներով եւ «սոդոմական մեղքի» մասին հիշեցումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ