News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միասեռ սիրո մասին վրաց-շվեդական «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերայի դեմ հանրահավաքները Վրաստանի կինոթատրոնների մոտ շաբաթ օրը վերսկսվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը։

Թբիլիսիի կենտրոնում «Ամիրանի» կինոթատրոնի մոտ հավաքված ցուցարարներն այլեւս չեն փորձում գրոհել կինոթատրոնը, այլ միայն ոչ մեծ խմբով կանգնած են պաստառներով, որոնց վրա գրված է․ « Դադարեցրե՛ք ԼԳԲՏ-քարոզը Վրաստանում», «Հոմոսեքսուալիզմը մեղք է եւ պաթոլոգիա», «Այս ֆիլմը վիրավորում է ազգային ավանդույթներն ու հավատը»։

Հոգեւորականության ներկայացուցիչները «Թբիլիսիի ցուցասրահ» կինոթատրոնի մոտ աղոթքներ են կարդացել։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքի մյուս կինոթատրոններին, ապա այնտեղ առայժմ ցուցարարներ չեն հայտնվել։ Իրավիճակը հանգիստ է նաեւ Բաթումի «Ապոլլո» կինոթատրոնի մոտ։ Հանդիսատեսները ազատ մոտենում են մուտքին, սակայն դահլիճ մտնում են միայն մանրամասն ստուգումներից հետո։ Կինոթատրոնների մուտքերի մոտ հերթապահում են ոստիկանական ջոկատներ, հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ։ Ֆիլմի ցուցադրումը, ինչպես եւ ուրբաթ օրը, երկու սեանսով է՝ առաջինը սկսվել է 19։30, իսկ երկրորդը նախատեսված է 22։00։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունն ուղեկցվել է հանրահավաքներով եւ անկարգություններով։ Ուլտրաազգայնական «Վրացական երթ» շարժման կողմնակիցներն ու առաջնորդները փորձել են ոստիկանական պատը ճեղքելով ներխուժել թբիլիսյան «Ամիրանի» կինոթատրոն, որպեսզի խափանեն ցուցադրությունը։ Նրանք ագրեսիվ են պահել իրենց իրավապահների եւ հանդիսատեսի հանդեպ։

Անկարգությունների հետեւանքով «Ամիրանի»-ի մոտ տուժել է Վրաստանի ՆԳՆ երկու աշխատակից, մի քանի քաղաքացիական անձ, վնասվել է ոստիկանական ավտոմեքենա։ Ընդհանուր առմամբ՝ կալանավորվել է 28 մարդ։ Այս միջադեպերի հետ կապված՝ ՆԳՆ-ն չորս փաստով հետաքննություն է սկսել։

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը նկարահանել է վրացի ռեժիսոր Լեւան Ակինը։ Այն արդեն ցուցադրվել է Կաննի փառատոնում։ Կինոնկարը պատմում է իր մրցակցի հանդեպ պարողի սիրո մասին։ Այն նաեւ «Օսկարի» «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնորդ է։

Ավանդական արժեքների պաշտպանները դեմ են կինոնկարի ցուցադրմանը։ Նրանք համարում են, որ այն ԼԳԲՏ-քարոզչություն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 3 օր, այն նաեւ կիրակի օրը կցուցադրեն։ Վրաստանի կինոթատրոնների միության տվյալներով, բոլոր տոմսերը վաճառված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ