News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության  համար խոչընդոտ է համարում ֆինանսների ճիշտ բաշխման խնդիրը։  NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ համայնքը պետք է կայուն բյուջե ունենա և ըստ այդ բյուջեի պլանավորի անելիքները։

«Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների ճիշտ բաշխման և դրանց տնօրինման արդյունավետության խնդիրն է, որովհետև մենք ստիպված ենք լինում բյուրոկրատական, պրոցեդուրային արգելքներ հաղթահարել հաճախ հենց ՏԻՄ-ի ներսում, որ մեկ հրատապ խնդիր լուծենք, նույնը նաև գլոբալ պետական առումով։ Որոշ հարկատեսակներ գուցե պետք է թողնվի համայնքներին, որ համայնքն ինքնուրույն իր բյուջեն ձևավորի, կարողանա ըստ այդ բյուջեի պլանավորել իր աշխատանքը, ոչ թե սպասվելիք դոտացիաների կամ եկամտի այլ աղբյուրների միջոցով։ Միաժամանակ, պետք է ճիշտ վերահսկողություն իրականացնել ֆինանսների նկատմամբ՝ կոմպետնտ մարդկանց հնարավորություն տալով արագ արձագանքման հետ գլոբալ խնդիր չունենալ»,-նշեց Ասլանյանը։

Տարբեր քաղաքական ուժերի պատկանելը, ըստ նրա, խոչընդոտ չէ համայնքապետի համար․ «Բնականաբար, չկա որևէ խելամիտ, ժողովրդի քվեն ստացած համայնքի ղեկավար, որը սիրի իր համայնքը ու կառավարության որդեգրած քաղաքականության մեջ իրեն չտեղավորի։ Ես բացառություն չեմ, առաջին արձագանքողներից․․․ ես նոր էի եկել կառավարելու և Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ արդեն ավելի երկար եմ աշխատել, քան նախորդ կառավարության հետ։ Չի կարող որևէ համայնք կառավարության կոնտեքստից դուրս մնալ, անկախ տեղում տիրող կոնֆիգուրացիայից։ Որևէ խոչընդոտ այս փոքրիկ Հայաստանում չի կարող լինել։ Ես տեսլականների հակադրություն չունեմ, որովհետև այն բոլոր ծրագրերը, նպատակները, որոնք թիրախավորել ենք և գործողություններ ենք կատարել, կառավարությունը ձեռնբաց մեզ ընդունել է»։

Տեսակետներին, թե հեղափոխությունը Վանաձոր չի հասել, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց․  «Հեղափոխությունը Վանաձոր հասցնողն էլ ենք մենք մեր գործերով, եթե հեղափոխությունը Վանաձոր հասած չլիներ, նման հեղափոխական փոփոխություններ Վանաձորում տեղի չէին ունենա և չէին շարունակվի»։

 

Տպել
Ամենաշատ