News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փ. Թերլեմեզյանի անվան Երեւանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի  կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ՄԿՈՒ ոլորտում «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ եւ հանդիսանում է ՄԿՈՒ բարեփոխումների գործում մեր կարեւորագույն գործընկերը:

Արեւիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն ՄԿՈՒ 10 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 5 երկարաժամկետ եւ  3 կարճաժամկետ ծրագրերով: «Երկարաժամկետ ծրագրերի կտրվածքով  մասնագետների թիվը շուրջ երեք անգամ  ավելացել է, որը կարեւոր ցուցանիշ է, հետեւաբար ծրագիրը պետք է հնարավորինս ընդլայնել: Եթե ցանկանում ենք ֆորմալ կրթությունը ճիշտ իրականացնել, մասնավոր եւ պետական հատվածների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությունն ապահովել, ապա պետք է հնարավորինս խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ միայն ՄԿՈՒ ոլորտում, այլ նաեւ բարձրագույն կրթության համակարգում: Վստահ եմ, որ գերմանական կողմի մեր գործըկներներն ունեն համապատասխան փորձ, որպեզի այն տարածենք նաեւ վերոնշյալ ոլորտում»,-նշել է Ա. Անափիոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ GIZ-ը շարունակելու է բարեփոխումները Հայաստանի ՄԿՈՒ համակարգում՝ «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության շրջանակում, որը ներառում է նոր դուալ կարճաժամկետ ծրագրերի մշակում, ՄԿՈՒ համակարգի թվայնացում, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական եւ նորմատիվ փաստաթղթերի մշակում:

«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարեւորում է պետական եւ մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաեւ համապատասխան օրենսդրական եւ նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը»,-իր հերթին նշել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան, Ն.Գ. Միխայել Բանզհաֆը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության եւ խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում եւ գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում:

Նշենք, որ դուալ կրթական ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ փորձարկվում է 4 քոլեջում. Երեւանի պետական հումանիտար, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտություններով:

Դուալ ծրագիրը նաեւ ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով եւ փորձարկվում նոր, օրինակ, «Արեւային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության գծով:

Տպել
Ամենաշատ