News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի  հարցերին է պատասխանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Պարոն  Բալայան, որն եք համարում դատական իշխանության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն այսօր։

Իմ կարծիքով՝ ներկայումս կարեւորագույն երկու խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը եւ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ:

Տրամաբանական է, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար  ազդել  արդար դատաքննության  վրա, նկատի ունեմ՝ քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու հանգամանքը, ինչու չէ նաեւ դատական ակտերի որակը։ Նախ՝ որն եք համարում պատճառը`  գործե՞րն են շատ, թե՞  աշխատանքների կազմակերպման կառուցակարգերը պետք է վերանայվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծանրաբեռնվածության թոթափումը։

Դատարանների գերծանրաբեռնվածությունը ունի մի քանի պատճառ: Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երեւան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին եւ ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում  քաղաքացիական եւ քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետեւաբար ազդեց նաեւ գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երեւան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝  կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միեւնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միեւնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաեւ կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով:

Պետք է նշել նաեւ, որ անցած տարիների համեմատ ավելացել են, թե քրեական գործերի քանակը եւ թե այն բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ  պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ  դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը:

Երեւան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա,  դատավորներ կան, որոնց  վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:  

Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, եւ թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը եւ շենքային պայմանների բարելավումը այս պահին   առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու եւ դրա վտանգավոր հետեւանքները վերացնելու համար:

Կառավարությունը  մշակել է դատաիրավական բարեփոխումների փաթեթ, որին ենթադրում եմ ծանոթ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է օգտակար լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում դատաիրավական բարեփոխումներին, սակայն պետք է նշեմ, որ համաձայն չեմ դատավորին նյութական եւ դատավարական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափազանց պարզեցված ընթացակարգի եւ հնարավորության հետ: Իմ կողմից նշած՝ դատավորների ծանրաբեռնվածության  պատճառները անվերապահորեն բերելու են սխալների, որոնք կարող են առիթ հանդիսանալ այդ հիմքով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, եւ այդ հանգամանքը կարող է որպես մահակ օգտագործվել անցանկալի դատավորներից ազատվելու համար:

Ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով։ Նախ` որն եք համարում պատճառը եւ ինքներդ ունե՞ք Ձեր բանաձեւը, առաջարկը՝ ինչ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաեւ իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ։

Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբեւէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները եւ, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ եւ դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը եւ առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:  

Տպել
Ամենաշատ