News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները երկուշաբթի հաստատել են Ռաֆայել Գրոսիին կազմակերպության նոր գլխավոր տնօերնի պաշտոնում։ Նա գործակալության վեցերորդ տնօրենն է, լիազորությունների ժամկետն է՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով,  գլխավոր համաժողովը հավանություն տվեց Գրոսիի նշանակմանը, որն ընտրվել էր հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ։ Գրոսին երդվել է նոր պաշտոնն ստանձնելիս եւ խոստացել անկաշառ աշխատել ի բարօրություն ԱԷՄԳ-ի։ Գլխավոր տնօրենի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսին կազմակերպության նախկին ղեկավար՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ։

Գրոսին փորձառու դիվանագետ է, որն իր երկիրը ներկայացրել է միջազգային մի շարք կազմակերպություններում։ 1998-2001 թվականներին նա եղել է Արգենտինայի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում։ 2002-2007 թվականներին գլխավորել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի գրասենյակները եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ 2011-2013 թվականներին եղել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալը։ 2013-ին նշանակվել է Արգենտինայի դեսպան Ավստրիայում, այդ երկրի մշտական ներկայացուցիչ Վիեննայում միջազգային կազմակերպություններում։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը գլխավորում է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը։ Նա ընտրվում է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով։ Ավելի վաղ գործակալությունը ղեկավարել են Ուիլյամ Սթեռլինգ Քոուլը (1957-1961, ԱՄՆ), Առնե Սիգվարդ Էկլունդը (1961-1981, Շվեդիա), Հանս Բլիքսը (1981-1997, Շվեդիա), Մուհամեդ ալ Բարադեին (1997-2009, Եգիպտոս), Յուկիա Ամանոն (2009-2019, Ճապոնիա)։  Ճապոնացու մահվանից հետո գլխավոր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Քոռնել Ֆերուցեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ