
ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին մի շարք օրենքներ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Դրանց թվում են.
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը (կողմ՝ 105, միաձայն);
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն);
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն)։
Մասնավորապես, «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ստեղծել մարզական ակումբ։
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու օրինագծով նախատեսվում է տեսախցիկների եւ լսասարքերի տեղադրում ոստիկանական տեղամասերում, մասնավորապես՝ հարցաքննությունների սենյակներում եւ քննիչների անձնական աշխատասենյակներում։