News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Փաստաբան Հովհաննես Չամսարյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել է Չամսարյանի գրասենյակում խուզարկություն կատարելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ դատարանի որոշումը կայացվել է օրենքի եւ Սահմանադրության կոպիտ խախտումներով. «Անտեսվել է փաստաբանի փաստաբանական գաղտնիքի երաշխիքը, որը սահմանված է ներպետական եւ միջազգային իրավական ակտերով։ Ներկայացրել ենք, թե որոշումն ինչ աստիճանի անորոշ է, որ քննիչն անգամ չի կարողացել կատարել այդ որոշման պահանջները, այնտեղ որոշակիության խնդիր կա նաեւ, ոչ միայն անհիմն է որոշումը, այլն նաեւ որոշակիության խնդիր կա որոշման մեջ։ Մեր բոլոր փաստական հանգամանքները ներկայացրել ենք դատարանին եւ խնդրել, որպեսզի բեկանվի այդ դատական ակտը եւ պահպանվի փաստաբանի կարեւորագույն երաշխիքը»։

Ըստ պաշտպան Կիվիրյանի՝ դատարանի որոշման բովանդակությունն անորոշ եւ անհասկանալի էր, թե ինչպես էին այդ խուզարկությունը իրականացնելու. «Այդ որոշումը, մեր համոզմամբ, խախտում է փաստաբանության մասին օրենքի դրույթները։ Փաստաբանն ունի հստակ երաշխիք, որ փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, տվյալները չպետք է որեւէ ձեւով հասանելի լինեն երրորդ անձանց։ Այդ նորմը իմպերատիվ բնույթ է կրում»։

Արամազդ Կիվիրյանը նշեց, եթե փաստաբանների այդ երաշխիքը խախտվի, այդ դեպքում տուժում են ոչ միայն փաստաբանները, այլեւ այն անձինք, ովքեր վստահում են իրենց գործերը փաստաբաններին. «Չնայած այն հանգամանքին, որ դատարանը որոշումը կայացրել է այդ հոդվածի վերաբերյալ, այնուամենայնիվ, իր որոշումը, որը կայացրել է, չպատճառաբանված է, ուղղակիորեն խախտել է օրենսդրության այդ դրույթը եւ փաստացի ոտնձգություն է այդ երաշխիքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը նոյեմբերի 25-ին, ցանկացել է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում այդ ժամանակ գտնվում էին նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, Երվանդ Վարոսյանը եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Երկար քննարկումներից հետո կայացվել էր որոշում՝ համակարգիչների ուսումնասիրությունն իրականացնել գրասենյակում, սակայն պաշտպանները կտրականապես դեմ են եղել։

Տպել
Ամենաշատ