News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

1960-2015 թվականներին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով, իսկ տեղումների քանակը կրճատվել է 9 տոկոսով: Այս մասին դեկտեմբերի 20-ին ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանը կլիմայի փոփոխության տեսակետից տարածաշրջանում խոցելիությամբ չորրորդ երկիրն է»,- նշեց նա:

Նախարարը նշեց, որ կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծումը կապված է նաեւ տնտեսական մարտահրավերների հետ, քանի որ ազդում է նաեւ գյուղատնտեսության վարման արդյունավետության վրա: «Այս իմաստով մենք կարեւորում ենք ոլորտային համագործակցությանը մյուս պետական հաստատությունների հետ՝ մեր գործողությունները ներդաշնակեցնելու համար»,- հավելեց նա:

Գրիգորյանն ընդգծեց Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհի տրամադրման կարեւորությունը՝ Փարիզի համաձայնագրի շրջանակում նախատեսված ադապտացիայի առաջնահերթությունների մշակման նպատակով: «Հայաստանը կարեւորում է կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծումը, ինչի մասին է վկայում ոչ միայն միջազգային գործընկերների աջակցությամբ ծրագրերի իրականացումը, այլեւ Կառավարության ջանքերը, որն առաջին անգամ անտառների վերականգնման համար հատկացրել է 1 մլն դոլար: Դրանից բացի, մենք պատրաստ ենք միջազգային հանրության ջանքերին մեր ավանդը բերել զարգացած եւ զարգացող երկրների շահերի ներդաշնակեցման մշակված մեխանիզմների միջոցով, ինչը թույլ կտա ավելի արդյունավետորեն հաղթահարել շրջակա միջավայր վնասակար արտանետումները՝ հաշվի առնելով, որ հենց այս հարցը թույլ չտվեց ընդհանուր մոտեցումներ մշակել Մադրիդում կլիմայի փոփոխությունների խնդիրներով ՄԱԿ Համաշխարհային համաժողովի շրջանակում»,- պարզաբանեց նախարարը: Գրիգորյանը հիշեցրեց նաեւ 2020 թվականին 10 մլն ծառ տնկելու Հայաստանի իշխանությունների ծրագրերի մասին:

Նրա խոսքով՝ մինչեւ 2050 թվականը նախատեսվում է ոչ միայն ծառեր տնկել, այլեւ իրականացնել երկրում կլիմայական իրավիճակի բարելավման համալիր միջոցառումներ, այդ թվում՝ էլեկտրական տրանսպորտի թվի մեծացման միջոցով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-15-ը Մադրիդում տեղի է ունեցել կլիմայի փոփոխությունների խնդիրներով ՄԱԿ 25-րդ Համաշխարհային համաժողովը (COP25): Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Երեւանում ընթանում է ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների քննարկում՝ Կոնվենցիայի եւ կլիմայի փոփոխությունների անբարենպաստ հետեւանքները օրենսդրությունների եւ քաղաքականության ներդաշնակեցման միջոցով մեղմելու ծրագրված գործողությունների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ