News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: NEWS.am-ի հետ զրույցում Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը ասաց, որ ծննդատունը փակելու մասին ծանուցագիրը տնօրինությունը ստացել է հունվարի 10-ին, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը:

Նրա խոսքով` լուրն իմանալուց ժամեր անց արդեն գյուղացիները հավաքվել էին ծննդատան մոտ․

«Մեր տարածաշրջանում միայն մեր գյուղը չի, որ սպասարկում է այդ հիվանդանոցը, կողքի գյուղերն էլ է սպասարկում եւ իմանալով ծննդատան փակվելու մասին՝ գյուղացիները հավաքվել էին ծննդատան բակում, կողքի գյուղից էլ էին եկել: Մարզպետարանի աշխատակից էլ էր եկել, ծննդատան տնօրենի հետ գյուղացիներին ասացինք, որ շաբաթ-կիրակի է, սպասեք` տեսնենք, ինչ կլինի: Բայց էս պահին էլի գյուղացիները հավաքվել են,ստորագրահավաք են անում, որ ավագանու արտահերթ նիստ գումարվի էս հարցի քննարկման համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ 5000 բնակչություն ունեցող գյուղի համար ծննդատունը շատ անհրաժեշտ է, նաեւ առաջին բուժօգնություն են այնտեղ ցույց տալիս. «Եթե սա փակվի, Իջեւան ենք գնալու, բայց սա շատ հարմար է մեզ համար , մի բան լինում է, առաջինը էստեղ ենք դիմում, սպասարկումը շատ լավ է, նույնիսկ հերթափոխ կա հիմա: Եթե ծննդատունը փակվում է, էդ ամե ինչը հետը փակվում է: Հիմա մեզ կարող են ասել, որ բուժկենտրոնը չեն փակում, ծննդատունն են փակում, բայց եթե ծննդատունը փակում են, ավտոմատ էդ ամեն ինչն էլ փակվում է»:

Նա նշեց, որ հնարավոր է` իրենց խնդրով դիմում ուղղեն վարչապետին կամ մարզպետին:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Մարալիկի ծննդատունը ևս չի ֆինանսավորվի։ 

Տպել
Ամենաշատ