News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակի տակ կառույցների նկուղները վերաբերում են 19-րդ դարին, այսինքն՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջանին, քանի որ այդ տարածքում փողոցներն ուղիղ են, ինչը հատուկ է ռուսական ճարտարապետությանը: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նա հավելեց, որ հնագիտական շերտը բացելը չպետք է փչացնի մայրաքաղաքի կենտրոնի կերպարը: «Հրապարակի ժամանակակից ճարտարապետության տրամաբանությունը, որն ինքնին արժեք է ներկայացնում, չպետք է խաթարվի: Բացի քաղաքի ճարտարապետական կերպարի պահպանումից, հրապարակը պետք է շարունակի ծառայել մայրաքաղաքի տրանսպորտային հանգույց»,- նշեց հնագետը:

Ավետիսյանը հավելեց, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ մասնագետների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների ներգրավմամբ, որը պետք է քննարկի մանրամասները, որից հետո հանրությունը կարող է գնահատել՝ պե՞տք է արդյոք աշխատանքները սկսել:

Գիտնականը նշեց, որ սա լավ առիթ է ցույց տալու, թե Հայաստանի մայրաքաղաքն իր ընդերքում ինչպիսի հիշողություն է պահպանում: «Մեզ համար կարեւոր է հիշողության մշակույթի հանդեպ համակարգային վերաբերմունք ձեւավորելը, որը սերտորեն կապված է քաղաքի ճարտարապետական հիշողության հետ»,- ընդգծեց Ավետիսյանը:

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը ուշադրությունը կենտրոնացրեց հին եւ նոր Երեւանի կերպարները արդիականացված եւ ներդաշնակ ներկայացնելու կարեւորությանը: «Աշխարհի բոլոր երկրներում, այսպես թե այնպես, փորձում են պատմական կերպարը հարմարեցնել ժամանակակից իրողություններին: Երեւանում նույնպես կարելի է այդպիսի աշխատանքներ կատարել նաեւ «Կարմիր բլուրի», Կոնդի, Դալմայի տարածքներում, առավել եւս, որ Դալմայի հողերի ներկայիս սեփականատերերը դեմ չեն հնագիտական աշխատանքների անցկացմանը, սակայն այս ամենը պետք է կազմակերպեն պետական մարմինները»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետը ներկայացրել էր մայրաքաղաքի գլխավոր հրապաակի տակ հնագիտական աշխատանքների անցկացումը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ