News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզպետի կողմից Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի նշանակումը տարակուսանք եւ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ, որովհետեւ շատերը դրան փորձում են տալ քաղաքական երանգ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք նոր Հայաստանում պատմության այդ էջը շրջել ենք եւ ՀՀ-ում այդ պաշտոններում նշանակումները չեն կարող լինել քաղաքական որոշման հետեւանք: մարզպետն ունի իր լիազորությունները եւ իր անձնական որոշման արդյունքում կայացրել է այդպիսի որոշում: Շահարկել, որ սա քաղաքական թիմի արժեքներն ու մոտեցումներն են, միանշանակ սխալ է եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ դրա մասին:

Պետք է հասկանանք, որ երբ կան անձնական մոտեցումներ, հովանավորչություն եւ շահերի բախում, պետք է պետական այրերը դրանից վեր կանգնեն: Ես հույս ունեի, որ Շիրակի մարզպետը օժտված է այդ հատկություններով եւ կկարողանա կամային որոշում կայացնել:

Չեմ ուզում մեկնաբանել մարզպետի որոշումը, բայց միաժամանակ թույլ չեմ տա, որ որեւէ մեկը մսխելով հեղափոխության արժեքները, բերի այնպիսի կեղծ գաղափարներ, որոնք մեր քաղաքական թիմին հարիր չեն: Ես եւ շատ գյումրեցիների հասկանում ենք, թե ինչին է միտված այդ քաղաքական դիրքավորումը: Գյումրին այդքան էլ մեծ քաղաք չէ եւ մենք հասկանում ենք, որ սա ճիշտ դիրքավորում է քաղաքապետի ընտրություններից առաջ: Որովհետեւ եթե ինչ-ինչ պատճառներով ձեր հաշվարկները ճիշտ չկատարվեն, եւ դուք այլ քաղաքական թիմով փորձեք առաջ գնալ, սա ձեզ ապահովում է հենարան: Հարգելի պարոն մարզպետ, եւ մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք: ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի լինելու»:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Մարզպետը տնօրեն էր նշանակել Ժորժիկ Սերոբյանը:

Դրանից մեկ օր առաջ նախօրեին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

Նշվում է, որ ՔՊ-ական Ժորժիկ Սերոբյանը մարզպետ Տիգրան Խաչատրյանի մտերիմն է:

Տպել
Ամենաշատ