News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքը, ըստ որի Հայաստանի քաղաքացիները համատիրությունների ծառայությունների դիմաց չեն վճարելու ֆիզիկական անձանց միջոցով, այլ միայն բանկային հաշվեհամարով: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ ապահովվի համատիրությունների ֆինանսական համակարգի թափանցիկությունը եւ քաղաքացիներին թույլ տրվի վերահսկել, թե ուր են գնում վճարված միջոցները, ինչպես նաեւ հասկանալ՝ դրանցով ինչպիսի առաջնային խնդիրներ են լուծվելու: «Մինչ այս համատիրությունները փակ կառույցներ էին, եւ բնակչությունը պատկերացում չուներ, թե ինչի համար են ծախսվում միջոցները: Քաղաքացիները տեսնելով, որ ոչ մի աշխատանք չի կատարվում, հաճախ հրաժարվում էին փող վճարել, իսկ համատիրություններն իրենց հերթին որեւէ տեղեկանքի համար այդ քաղաքացու դիմնելու դեպքում պահանջում էին պարտքը վճարել: Արդյունքում առաջանում էր շահերի կոնֆլիկտ: Փոփոխությունները թույլ կտան սահմանափակել միջանձնային հարաբերությունները: Դրանից բացի, նախկին իշխանությունների օրոք համատիրություններն իրենք, լինելով անմխիթար վիճակում, ընտրությունների ժամանակ դառնում էին կեղծումների եւ կաշառքների կրողն ու կազմակերպիչը, այսինքն՝ փոփոխությունները դրական կանդրադառնան քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա»,- նշեց նա:

Պատգամավորը պարզաբանեց, որ ապրիլի 1-ից հաշվեհամարներ են բացվելու, իսկ ժամկետները հաստատվել են այն հաշվարկով, որ համատիրությունները հասցնեն նախապատրաստվել: «Համատիրություններն իրենց հերթին քաղաքացիների հետ միասին պետք է ձեւակերպեն յուրաքանչյուր առանձին շենքում առաջնահերթությունները եւ միջոցները բաշխեն կոնկրետ նպատակների համար: Հաշվեհամար կբացվի յուրաքանչյուր շենքի համար, եւ առաջնահերթություններն էլ հնարավոր կլինի որոշել յուրաքանչյուր առանձին շենքի համար: Սա խոսում է այն մասին, որ համատիրություններն այլեւս չեն կարողանա քաղաքացիներին մոլորության մատնել՝ վկայակոչելով փողի բացակայությունը, քանի որ քաղաքացիները կկարողանան ամեն ինչին հետեւել»,- շեշտեց Վաղարշակ Հակոբյանը:

Նա հավելեց, որ վճարումների գումարների չափերը կարող են տարբերվել, սա կապված կլինի ծախսերի եւ ակնկալվող արդյունքների հետ, այսինքն՝ ամեն ինչ անհատական է լինելու: «Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեն համատիրությունների մասին մեկ ուրիշ օրինագիծ է պատրաստում, որը կոչված է այս օրենքը լրացնելուն՝ թույլ տալով ընդլայնել քաղաքացիների գործառույթները»,- ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել