News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ցմահ դատապատրյալ, արդեն ազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանն իր ընկերոջ՝ Արսեն Արծրունու հետ մշակում է ուղղման հոգեբանություն ծրագիրը, նա այդ ծրագրի ասիստենտն է։ Այդ մասին նա պատմեց այսօր՝ հունվարի 24-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց։

«Առաջինը կփորձարկվի դատապարտյալների վրա»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը վճռեց՝ ազատ արձակել Աշոտ Մանուկյանին։

«Դատարանի այսօրվա վճիռն ինձ համար անակնկալ էր։ Գնահատվում է դրական վարքագիծը, զղջումը եւ այլն, այսօր դա Վերաքննիչ դատարանը հաստատեց։  Իմ ազատության համար պայքարել եմ 2003 թվականից, երբ մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկության։ Շփոթված մոտեցա դատավորին, հետո գիտակցեցի որ չի կարելի»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Անդրադառնալով Դատախազության այն առարկությանը, թե դատապարտյալի վարքագծում որեւէ փոփոխություն չկա, Աշոտ Մանուկյանն ասաց. «Կարծում եմ, որ ամիսներ հետո Դատախազությունը կփոշմանի այդ խոսքերի համար»։

NEWS.am-ի հետ զրույցում Աշոտ Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ վստահ է, Աշոտ Մանուկյանը ազատության մեջ ավելի կլավացնի իր վարքը.

«Աշոտ Մանուկյանի գործով վերջապես ունեցանք օբյեկտիվ հետազոտում եւ օբյեկտիվ կայացված դատական ակտ։ Հաճախ էինք բարձրաձայնում այն մասին, որ Առաջին ատյանի դատարանն ի զորու չի եղել գործի հանգամանքները օբյեկտիվ հետազոտման ենթարկի եւ օբյեկտիվ որոշում կայացնի։ Շատ ուրախ ենք, որ Վերաքննիչ դատարանն իր մեջ ուժը գտավ՝ կարծրատիպերից վեր կանգնելու, չնայելով, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի վերաբերյալ գործ է։ Աշոտ Մանուկյանի գործը Հայաստանում երկրորդն է, որ լավ վարքի պատճառով ազատ է արձակվում ցմահ դատապարտված դատապարտյալը։ Իմ մյուս պաշտպանյալը, որը մեկ տարուց ավելի գտնվում է ազատության մեջ։ Նա դարձել է հասարակության լիիրավ անդամ»։

Հիշեցնենք, որ դատապարտյալն անազատության մեջ էր  1996 թվականից: Մեղադրվել եւ դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Մանուկյանը հեղինակել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ...» անունը կրող գրքույկը, որում պատմում է 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց հետեւանքով ցմահ ազատազրկված լինելու, իր զղջման մասին՝ երիտասարդներին հորդորելով չկրկնել իր սխալը:

Նշենք, որ Մանուկյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը՝ բացասական, իսկ պրոբացիոն ծառայությունը դրական եզրակացություն էր տվել: Նման պայմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որում պահվում էր դատապարտյալը, միջնորդագիր էր տարել դատարան՝ վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Աշոտ Մանուկյանը 24 տարի առաջ մեղադրվել էր երեք զինծառայողի սպանության համար եւ գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, եւ 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը եւս փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 45 տարեկան է: Ինչպես քրեակատարողական ծառայությունն, այնպես էլ պրոբացիոն ծառայությունն արձանագրել են, որ Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ է դրսեւորել, քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, ակտիվորեն մասնակցել է վերասոցիալականացման միջոցառումներին: Սակայն, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ Մանուկյանի հանցանք կատարելու հավականությունը բարձր է: Պրոբացիոն ծառայությունն էլ թեեւ դատապարտյալի հանցանք կատարելու հավանականությունը ցածր է գնահատել ու նպատակահարմար գտել նրա վաղաժամկետ ազատումը`հանդես է եկել առաջարկությամբ, որը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում: Մասնավորապես` ծառայությունն առաջարկել է պայմանական վաղաժամկետ արձակման հարցը քննարկելիս դատապարտյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու նրա հոգեբանական բնութագիրը, որն, ըստ պրոբացիոն ծառայության, կարող է էական ազդեցություն ունենալ նրա վերասոցիալականացման գործընթացի վրա:

 

Տպել
Ամենաշատ