News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հանդես է եկել Լիբիայում Բունդեսվերի առաքելության օգտին, որը պետք է իրականացվի ՄԱԿ մանդատի ներքո: Եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի հյուսիսաֆրիկյան երկրում խաղաղարար առաքելության մասին, ապա Գերմանիան, որպես Լիբիայում կարգավորման բեռլինյան համաժողովի նախաձեռնող, չի կարող հեռու մնալ: Իշինգերն այս մասին ասել է Funke մեդիախմբի գերմանական պարբերականների եւ ֆրանսիական Quest-France գործընկերային թերթի հետ հարցազրույցում:

Բունդեսվերի հնարավոր առաքելության նախադրյալ պետք է լինի ՄԱԿ մանդատը, որը հաշվի է առնում Լիբիայի հարցով բեռլինյան համաժողովի որոշումները եւ հիմնվում է ՄԱԿ Կանոնադրության 7-րդ գլխի վրա, որը նախատեսում է հարկադրանքի միջոցառումների հնարավորություն՝ միջազգային խաղաղության վերականգնման վերաբերյալ ԱԽ որոշումների իրականացման համար: Կախված այն հանգամանքից, թե ՄԱԿ մանդատն ինչպիսին կլինի, Բունդեսվերն, օրինակ, կարող է մասնակցել ռազմածովային առաքելությանը, նշում է Իշինգերը: Դրանից բացի, Բունդեսվերի ՌՕՈՒ-ն կարող է իրականացնել օդային պարեկում եւ հետախուզում Tornado բազմաֆունկցիոնալ օդանավերի, ինչպես նաեւ հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման համակարգով հագեցած օդանավերի եւ AWACS կառավարման միջոցով, փոխանցում է DW-ն: 

Հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցած Լիբիայի կարգավորման հարցով համաժողովի 12 մասնակիցներ հանդես են եկել Լիբիա սպառազինության մատակարարման էմբարգոն պահպանելու եւ հակամարտող կողմերին աջակցելու այլ միջոցներից հրաժարվելու օգտին: Այս որոշումները պետք է ճանապարհ ապահովեն Լիբիայում հակամարտության քաղաքական լուծման համար: Սակայն  համաժողովի ավարտից մեկ շաբաթ հետո ՄԱԿ Լիբիային աջակցություն ցուցաբերելու առաքելությունը (UNSMIL) հայտնել է, որ շարունակվում են արտասահմանից զենքի մատակարարումները քաղաքացիական պատերազմով բռնկված երկիր: Դրանք իրականացվում են նաեւ բեռլինյան համաժողովին մասնակցած երկրների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ