News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը հանդիպում են պահանջում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Այս մասին նրանք գրառում են արել իրենց ֆեյսբուքյան էջերում։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ

Հունվարի 28-ի բուռն իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու եւ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։ Հանդիպման օրակարգում, ի թիվս այլոց, տեսնում եմ հետեւյալ հարցերը.

1) ներդնել իրավակիրառական պրակտիկա՝ պետության անունից ներողություն խնդրելու բերման ենթարկվածներից, եթե նրանց նկատմամբ կասկածները չեն հաստատվում։ Հանրային գործիչների պարագայում ներողությունը ներկայացնել հրապարակավ։

2) իրականացնել ծառայողական քննություն հանրային գործիչներ Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի եւ մյուսների նկատմամբ բացարձակ անհիմն կասկածով բերման ենթարկելու փաստի առթիվ՝ պարզելու եւ հանրությանը ներկայացնելու այն «կոպիտ սխալները», որոնց արդյունքում Ոստիկանությունը հիմնավոր է համարել նշված անձանց մոտ արգելված իրեր լինելու տեղեկատվությունը։

3) մշակել երաշխիքներ, որ իշխող քաղաքական ուժին քննադատող գործիչներին պարբերաբար անհիմն բերման ենթարկելու պրակտիկա չի արմատավորվելու։

Առաջարկում եմ իրավապաշտպաններին, այլ հանրային գործիչներին միանալ այս նախաձեռնությանը՝ ներկայացնելով սեփական օրակարգ կամ միանալով իմ ներկայացրածին»։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ արձակվեցին։ Նույն օրը՝ երեկոյան բերման ենթարկվեց նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը շուրջ 1 ժամ անց ազատ արձակվեց։

Տպել
Ամենաշատ