News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը կրկին վերադառնում է 1,5 կուսակցական համակարգին, որի դեպքում իշխող ուժը որոշումներ է կայացնում, իսկ մյուսները քննադատում են, սակայն այդ որոշումների վրա չեն կարողանում ազդել: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այսօր դեռեւս շարունակվում է նախկին իշխանությունների հետ պայքարը: Ընդդիմությունը դեռեւս թույլ է, եւ դեռ նախադրյալներ չկան, որ այն կմիավորվի եւ լուրջ հակակշիռ կդառնա: «Նման ուժեր չկան, այդ թվում խորհրդարանում: Նրանք կարող են ինչ-որ հայտարարություններ անել, սակայն համապատասխան ռեսուրսներ չունեն իրական հակազդեցության համար: Նման պատկեր է նաեւ առանձին անձանց, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կամ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեպքում: Նրանք հայտարարություններ են անում, գրառումներ կատարում, սակայն չի կարելի ասել, թե լուրջ ռեսուրսներ ունեն՝ իշխանություններին հակազդելու համար: Իշխանություններն էլ, իրենց հերթին, պայքարում են նախկին ուժերի հետ, որոնց ներկայացնում են այդ թվում Վանեցյանն ու Մինասյանը»,- պարզաբանեց Իսկանդարյանը:   

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ իշխանության ճամբարում ձեւավորված նման տարբեր քաղաքական ուժերի ներսում չի կարող պառակտում չլինել, ինչի օրինակ դարձավ Վանեցյանի հրաժարականը: «Ներկայիս իշխանությունների քաղաքական էլիտան հապճեպ ձեւավորվեց, հայտնվեցին այդ թվում պատահական մարդիկ, որոնց մոտ չեն կարող հակասություններ չլինել»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը պարզաբանեց, որ չկան նաեւ նախադրյալներ, որ Հայաստանում կարող է կոշտ ավտորիտարիզմի համակարգ ձեւավորվել, քանի որ դրա համար անհրաժեշտ են կազմակերպվածություն եւ նախադրյալներ: «Ինչպես տեսնում եք, ոչ մի քրեական գործ ավարտին չի հասցվում: Բացի այդ, իշխանության կողմից ավտորիտարիզմի դրսեւորման ցանկացած փորձ կոշտ քննադատության է արժանանում»,- նշեց նա:

Իսկանդարյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացները բացատրելի են հեղափոխական գործընթացների տրամաբանության տեսանկյունից: «Նախկին ռեժիմի կադրերը պետք է հեռանան կամ ծառայեն նոր իշխանություններին: Հրայր Թովմասանին դեռեւս չի հաջողվում ենթարկեցնել ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Սակայն քիչ հավանական է, որ նա կկարողանա հաղթել այդ խաղը, որը սկսվել է 2018 թվականի ապրիլին»,- եզրափակեց փորձագետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ