Սա Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից, մասնավորապես նախագծեր են ներկայացվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝  մեկնաբանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանդրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են։ Նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ստեղծված ճգնաժամը լուծելը»,-նշել է նա։

Մելոյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը սահմանադրական փոփոխություների դեպքում պարտադիր պահանջ է և բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից․ «Դա Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողության կարևորագույն գործառույթի իրականացում է։ Մինչև փոփոխությունների իրականացումը ՍԴ-ն պետք է նախնական վերահսկողություն անի՝ արդյոք այդ փոփոխությունները հետագայում Սահմանադրությանը չեն հակասելու հետագա ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Պատկերացնում եք՝ ընդունվի հակասահմանադրական միջազգային ակտ, այդ դեպքում ներքին կոլիզիոն իրավիճակ է ստեղծվում, քանի որ մեր երկիրը պարտավորվածություն ունի նախապատվությունը տալ Սահմանադրությանը,սակայն խախտելու է իր միջազգային պարտավորվածություններ»։

Նա նաև կարծիք հայտնեց՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած նախաձեռնությամբ փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը, ինչը հակասում է Սահմանադրության պահանջներին։  «Փորձ է արվում նաև շրջանցել նախագահի ինստիտուտը։ Այս նախագծերը իրավական պետության համար բավականին վտանգավոր քայլ են։ Իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարվում են։ Զսպման և հակակշռման մեխանիզմներ գոյություն ունեն, որ մի մարմինը ինքնուրույն չկարողանա մենաշնորհային որոշումներ կայացնի։ Փաստորեն Աժ իշխող խմբակցությունը, ունենալով որակյալ մեծամասնություն, իրեն թույլ է տալիս այնպիսի  նախագիծ ներկայացնել, որով կշրջանցի 2 սահմանադրական մարմինների»։

Մելոյանը նաև հատկանշանական է համարում այդ օրը ԵԽԽՎ մոնիտորինգային համազեկուցողների հայտարարությունը․ «Շատ հատկանշանակն էր, որ նույն  օրը հրապարակվեց ԵԽԽՎ մոնիտորինգային համազեկուցողների հայտարարությունը, որտեղ հատկապես ընդգծված էր զսպումների և հակակշիռների մեխանիզմը։ Այսինքն նրանք ընդգծել են իշխանության տարանջատման սկզբունքի կարևորությունը, որը ըստ էության ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել։ Ոտնահարվում է իրավունքի գերակայությունը, օրենքի գերակայությունը։ Վերջին շրջանում ՍԴ-ով պայմանավորված աբսուրդի թանգարանի նմուշների իրավանորմերի ընդունմանն ենք ականատես լինում»։

Այնուամենայնիվ, եթե փաթեթն ընդունվի, Մելոյանը կոչ արեց ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ դրա հակասահմանադրականության հարցով։