Միայն անմիտ մարդիկ կարող են հռչակել իրենց իշխանության կոշտ քննադատ, բայց այս կամ այն հարցում դու կարող ես լինել իշխանության կոշտ քննադատը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Սահմանադրակն փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելն ամենևին պայմանավորված չէ իշխանության կոշտ քննադատ լինելով, այլ պայմանավորված է նրանով, որ սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է, և չենք ուզում մասնակից լինել հանցագործության»,-նշեց նա։
Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա Սահմանադրական դատարանի եզրակացությունը․ «Հակասահմանադրական խնդիրները կարող ենք բաժանել 2 խմբի՝ ընթացակարգային՝ այո, չկա ՍԴ եզրակացությունը, սա արդեն լուրջ խախտում է Սահմանադրության, բայց նաև կա երկրորդ լուրջ ընթացակարգային խախտումը՝ սա չի համարվում Ազգային ժողովի կողմից չընդունված նախագիծ։ Բանն այն է, որ փորձ է արվել կարծես թե կենցաղային իմաստ դնել «Ազգային ժողովի կողմից չընդունել» հասկացության մեջ։ Հիմա ենթադրենք որևէ մեկը գա ԱԺ, ասի ընդունեք այս նախագիծը, ասեն չենք վերցնում։ Կենցաղային առումով այդ նախագիծը ԱԺ-ն չընդունեց։ Եթե խոսում ենք, թե որ նախագիծն է Ազգային ժողովի կողմից չընդունված, պետք է բացենք ԱԺ կանոնակարգը, որտեղ հստակ նշված է 5 փուլեր, որ պետք է անցնի նախագիծը, որ համարվի չընդունված։ Այն պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ, ընդունվի 2/3 ձայներով, պետք է քննարկվի 2-րդ ընթերցմամբ, քվարկվի, պետք է քննարկվի ՍԴ դիմելու հարցը, պետք է ստանա ՍԴ դրական եզրակացությունը, ապա 2-րդ ընթերցմամբ չհավաքի 2/3-րդ ձայներ։ Մյուս բոլոր դեպքերումն նախագիծը հանվում է շրջանառությունից, այն այլևս գոյություն չունի»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ փաստացի չունենք 2015 թվականի Սահմանադրության տրամաբանությամբ ՍԴ, Հարությունյանն ասաց․ «Գործ ունենք բառախաղի հետ, եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է դատավորներ նշանակվեին անմիջապես սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կնշանակեր չբալանսավորված ՍԴ։ Այն պահին, երբ սահմանադրությունն ընդունվում էր, խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, իսկ ՍԴ-ում կային մարդիկ, որոնք նշանակված են եղել առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք, և եթե մենք մտածեինք, որ տեսականորեն կարելի է այդ ուղղությամբ գնալ, միգուցե մեծ լիներ գայթակղությունը գրել սահմանադրության մեջ, որ դատավորները պետք է զրոյից նշանակվեն, չէ՞ որ դա հնարավորություն կտար ՀՀԿ-ին դե ֆակտո ունենալ ՀՀԿ-ի կողմից նշանակված դատավորներ, բայց չգնացինք այդ ճանապարհով, քանի որ դա անթույլատրելի է։ Այն ճանապարհը, որ ընտրվել էր, շատ ավելի խելամիտ էր, որ ապահովվեր դատավորների անփոխոխելիության սկզբունքը, մյուս կողմից ՍԴ-ի բալանսավորված լինելու սկզբունքը։ Այն, ինչ ասվում է, գեղեցիկ բառախաղ է, որի տակը կա զրո բովանդակություն»։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի ընտրվելը ՍԴ նախագահի պաշտոնում արագ կազմակերպվել է, որ նա պաշտնավարի մինչև որոշակի տարիք, և չի ընտվել նոր սահմանադրական փոփոխություններից հետո, Հարությունյանն ասաց․
«Իրավիճակի նենգափոխման փորձ է, դրա համար եկեք անդրադառնանք պատմությանը։ Նախքան նախագահ ընտրվելը, մենք պետք է անդրադառնանք այն հարցին, թե ինչպես եղավ, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ անդամ։ Արդյոք որևէ արհեստական բ՞ն տեղի ունեցավ։ Խնդիրը վերաբերում է ՍԴ գործող անդամի պաշտոնավարման ժամկետի լրացմանը։ Երբ ՍԴ հերթական անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է, պետք է առաջանար թափուր տեղ, սակայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում էայնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի քննությունը։ Խոսքը Կիմ Բալայանի մասին է։ Կիմ Բալայանի ծննդյան վկայականը որևէ մեկը չի փոխել և տարիքը առաջ չի գցել։ Երբ Հրայր Թովմասյանը ընտրվեց ՍԴ անդամ, ՍԴ նախագահ էր Գագիկ Հարությունյանը, իսկ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառը ըստ նրա ներկայացման եղել է այն, որ նա հավակնում էր ԲԴԽ նախագահ ընտրվելուն։ Այո, ժամանակահատվածը համընկել է, քանի որ ԲԴԽ-ն ևս պետք է ձևավորվեր հենց այն ժամանակ, երբ ուժի մեջ էին մտնում Սահմանադրության համապատասխան գլուխները։ Ցանկության դեպքում գուցե այստեղ կարելի է տեսնել բարդ կոմբինացիա, բայց իրականում չի եղել որևէ բարդ կոմբինացիա»։
Նա նաև եց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ վտանգավոր տենդենց է նկատվում․
«Վարչապետի մոտ մի վտանգավոր տենդենց է նկատվում, որ եթե որևէ մեկը իր հետ համաձայն չէ, ապա հակաժողովրդական է։ Ես կարծում եմ՝ չի կարելի «վարչապետ» և «ժողովրդավարություն» բառերի միջև դնել հավասարության նշան։ Չի կարելի ասել, որ եթե ինչ-որ մեկը չի կիսում վարչապետի կարծիքը, համաձայն չէ հանրաքվեի հետ և անգամ «Ոչ» է քարոզում, առաջարկում է բոյկոտել, համարում է որ հակասահմանադրական է հանրաքվեն, դրանք բոլորը հակաժողովրդավարական ուժեր են, իսկ ովքեր ծափահարում են վարչապետ Փաշինյանին, ժոովրդավարական ուժեր են։ Չկա որևէ բռնապետություն, որտեղ նույն մոտեցումը չի եղել, սա է մտահոգիչ»։











