News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք ժողովրդի կամքը ֆետիշացնում ենք, այլասերված կերպ ենք ներկայացնում, որ ամեն ինչ ժողովուրդն է որոշում, եկեք ժողովրդին հարցնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին:

Նրա խոսքոբ, սա առաջին հերթին ժողովրդավարական, իրավական պետությանն անհարիր բան է, բայց նաեւ այդ նույն ժողովրդին խաբելու միջոց է. «Որովհետեւ եթե ինչ-որ մեկին թվում է, որ ապրիլի 5-ին ժողովուրդը ընտրություն է կատարելու ինչ-որ բանի մեջ, սա ուղղակի խաբկանք է, նույն ժողովրդի նկատմամբ անարգանք է: Ժողովրդավարություն նշանակում է, որ ժողովուրդը մանդատ է տալիս իշխանության ճյուղերին յուրաքանչյուրին իր ձեւով եւ մեխանիզմով, որ նրանք այդ հարցերնն իր փոխարեն լուծեն: Ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում եւ որոշի՝ ում են կախում, ոմ չեն կախում: Մենք այստեղ կգնանք ստրկատիրական համակարգ»,-ասաց Վարոսյանը:

Նա ընդգծեց, որ ինքը Սահմանադրության փոփոխության նախագծի հիմնավորումներում «պեղել է» իրավունքի հետ աղերս ունեցող հատվածները. «Չեմ անդրադառնա «ժողովրդավարական լեգիտիմության դեֆիցիտ» եւ նման արտահայտություններին: Նշվում է, որ վստահության պակաս կա իշխանության մյուս երկու ճյուղի մոտ ՍԴ-ի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ չպետք է լինի: Ինչու պետք է այն մյուս երկու ճյուղերը վստահ լինեն ՍԴ-ի գործունեության իրենց համար կանխատեսելի հեռանկարներում, ես դա չեմ հասկանում: Այո, պետք է վստահ չլինեն, եւ դա է իրավական պետությունը:

Բացի այդ, եթե խոսքը չվստահելու մասին է, ես այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այլ մարմինների նկատմամբ կա այդ վստահությունը: Օրինակ, ինչու են վստահում Վճռաբեկ դատարանին եւ չեն վստահում ՍԴ-ին: Չափանիշը որն է: Ինչ է տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք: Հավատարմության երդո՞ւմ է ստացվել:

Ասում են՝ այսինչը հեղափոխությամբ շնչում է ուրեմն լավն է, այնինչը չի շնչում: Այդ ինչպե՞ս իմացան: Օրինակ, ես տեսնում եմ, որ Վճռաբեկ դատարանի աշխատանքում ոչինչ չի փոխվել, ոնց աշխատում էին, այդպես էլ աշխատում են»,-ընդգծեց փաստաբանը:

Նա հավելեց, որ ինքը կոչ չի անում փոխել նաեւ Վճռաբեկ դատարանը, որովհետեւ եթե նույն սկզբունքներով փորձեն այդ ատյանն էլ բարեփոխել, իրենք այսօր գործող Վճռաբեկ դատարանին հաստատ կկարոտեն:

Վարոսյանն անդրադարձավ նրան, որ ՍԴ դատավորներ կան, որ շատ ավելի երկար են պաշտոնավարում, քան նոր ընտրվածները. «Այո, ՍԴ դատավոր ընտրող ցանկացած անձի համար պետք է լիովին կանխատեսելի լինի իր ապագան: Նա պետք է հստակ իմանա, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու: Հակառակ դեպքում, եթե նրա մոտ լինի կասկած, որ կարող է գա ինչ-որ իշխանություն եւ մոտեցում փոխի, որը կազդի անձամբ իր վրա, մենք անկախ դատավորի մասին խոսել չենք կարող:

Եթե խնդիրը պաշտոնավարման 12 տարին էր, ապա ինչու փոփոխություններով համահարթեցման չեն գնացել, օրինակ բոլոր դատավորների պաշտոնավարումը սահմանափակեին 12 տարով»:

Փաստաբանի խոսքով, եթե իշխանության այս ծրագիրը հաջողի եւ 12 տարով միաժամանակ ընտրվեն ՍԴ 7 դատավորները, մենք 12 տարի հետո ունենալու ենք նույն խնդիրը. «Լինելու է այդ ժամանակվա իշխանությունը, եւ այս 7 դատավորի պաշտոնավարման ժամկետը միաժամանակ լրանալու է: Մենք ունենալու ենք հերթական այդ ժամանակ գործող իշխանական ուժի սրտի դատարան: Այսինքն հիմա մենք դնում ենք ական, որ պայթելու է 12 տարի հետո եւ կանխորոշելու է դրանից էլ 12 տարի հետո մենք որեւէ զարգացում այս առումով չենք ունենալու»:

Նա հավելեց, որ հակասահմանադրական ճանապարհով դատավորին տուն ուղարկելը ինքնին նշանակում է, որ մենք բացառում ենք, որ այս ձեւով ձեւավորվելիք ՍԴ-ն երբեւէ անկախ է լինելու. «Որովհետեւ իրենց կողմից իրենց կողմից նշանակվելիք դատավորները շատ լավ հասկանալու են, որ եթե մի անգամ հակասահմանադրական ճանապարհով իրենք հայտնվել են այդ դատարանում, օրը գալու է եւ ոչ պակաս հակասահմանադրական ճանապարհով իրենք գնալու են տուն:

Ապագա իշխանությանն այսօրվա գործողությունները հնարավորություն են տալու էլ ավելի բիրտ մեթոդներով ազատվել այսօր  նշանակման պատրաստի դատավորներից: Այսինքն դատարանի անկախության մասին խոսել չենք կարող:

Մենք պետք է փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը»:

Տպել
Ամենաշատ