News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական  նիստին դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանին դիմավորեցին՝ «ամոթ» վանկարկելով:

Նշենք, որ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի,  գործն ուղղորդված է եւ պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:

Տպել