News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշեւիչը ներկայացրել է  ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները` նշելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաեւ այլ երկրներում:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել  Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա  ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաեւ սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կառավարությունն ու մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը կարեւորում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղությունների  ներառումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից կարեւորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը:  ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ  կանցկացվեն մարզային քոլեջներում եւ ուսումնարաններում: Կողմերը կարեւորել են նաեւ դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի եւ վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:

Նշենք, որ Արագածոտնի,  Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը  Ռուսաստանի Դաշնությունն է:

Տպել