News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունների համար ստեղծված են հիանալի պայմաններ ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է տալ իրավական ձեւակերպում Ադրբեջանի հանցավոր գործողություններին, որոնք տեղի են ունեցել 1988 թվականին, շարունակվել մինչեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը եւ ռազմական հանցագործություններին, որոնք կատարվել են դրա ընթացքում: Այդ մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Հետեւողական աշխատանքի դեպքում կարելի է լուծել նաեւ տուժածների եւ զոհվածների իրավահաջորդների սոցիալական կարգավիճակի հարցը, ինչի մասին արդեն 30 տարի է անտրտունջ բարձրաձայնում է մեր կազմակերպությունը: Բացի այդ, հարցը կապված է ամբողջ աշխարհի առջեւ մեր պատասխանատվության հետ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է ամբողջ մարդկության դեմ»,-նշել է նա:

Ալավերդյանն իր երախտիքն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը բոլոր իշխանությունների դեպքում, որոնք երբեք չեն մերժել մարդկանց անձնական խնդրանքի դեպքում:

«Գովելի է նաեւ, որ երեկվա նիստի ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, վերջապես, նշվել է «Ադրբեջանի ցեղասպանական գործողություններ» արտահայտությունը: Սակայն անհրաժեշտ է բոլոր ուղղություններով համակարգային աշխատանք: Հայաստանի խորհրդարանը պետք է, ի վերջո, ընդունի փաստաթուղթ, որում ջարդերը կորակավորվեն որպես Ադրբեջանի կողմից իրագործված  ցեղասպանություն: Որից հետո արդեն հնարավոր կլինի սկսել աշխատանքը այդ հանցագործության հետեւանքով տուժածներին եւ զոհերի իրավահաջորդներին հատուկ կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ: Եթե դա չկա, նշանակում է, որ մենք համաձայնվում ենք խորհրդային իշխանությունների մոտեցման հետ, որոնք որակավորել են ջարդերը որպես խուլիգանական գործողություններ»,-հավելել է իրավապաշտպանը:

Առաջին օմբուդսմենը նկատեց, որ Ադրբեջանում հայերի ջարդերի նկատմամբ ցեղասպանություն տերմինն առաջին անգամ օգտագործել են մի շարք միջազգային պաշտոնյաներ եւ կազմակերպություններ, իսկ Ադրբեջանի հանցագործությունների մասին հավաքված փաստերը բավարար են՝ Բաքվի ապատեղեկատվության դեմ ակտիվ պայքար մղելու, ինչպես նաեւ միջազգային դատական գործընթաց սկսելու համար:

Նրա խոսքով՝ այդ ամենի բացակայությունը կարող է դիտարկվել որպես անգործություն, ինչը ոչ պակաս ցավալի է, քան ինքնին հանցագործությունը:     

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել են 27 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում 18 հազար հայեր քաղաքից հեռացել են: Երկու տարի հետո՝ 1990 թվականի հունվարի 13-19-ին հայերի զանգվածային ջարդեր տեղի ունեցան արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100 մարդ, ավելի քան 200 հազարը արտաքսվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ