News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր երեւան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ վարչապետի խոսքը.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Նախ ուզում եմ անձամբ իմ եւ հայկական պատվիրակության բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Ավելի քան ուրախ եմ մեր բարեկամների հետ հանդիպելու այս հնարավորության համար:

Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնայնությունների շարքում է: Ես առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:

Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա, ամուր հենք եւ պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երեւան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը եւ է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ եւ առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլեւս անշրջելի է մեզանում եւ ձեռք է բերել հավատամքի ուժ:

Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջեւ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար:

Այսօր իմ եւ պարոն Գախարիայի միջեւ տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երեւանում սկսված մեր քննարկումները։

Ուրախությամբ ընդգծեցինք, որ երկարատեւ դադարից հետո, անցած տարվա հունիսին Երեւանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը:

Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետեւողական իրագործման անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարեւորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլեւ էլեկտրաէներգետիկ եւ հեռահաղորդակցային (ինտերնետ/ մալուխային) կապի մասին է:

Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարեւորվեց երիտասարդների միջեւ կապի ամրապնդումը: Մեր կողմից առաջարկվեց քայլեր ձեռնարկել նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ կապն ամրապնդելու ուղղությամբ:

Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարեւորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։

Վստահ եմ նաեւ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարեւորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

Հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը: Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետեւողական քայլերի համար:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարեւորությունը եւ կրկին շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։

Վարչապետը նշել է, որ այսօր Վրաստանում նշվում է մայրերի տոնը եւ շնորհավորել բոլոր վրաց մայրերին տոնական օրվա կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ