News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարին խորհրդարանում տնտեսագետներին զարմացրեց իր այն հայտարարությամբ, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը թեթեւ է, հայկական տնտեսության կողքից կանցնի: Իսկ օրերս իր մամուլի ասուլիսում նա կարճաժամկետ հեռանկարում այդ ազդեցությունն արդեն որպես «լուրջ» գնահատեց: Այս մասին գրում է «Գոլոս Արմենի» պարբերականը՝ թեման զարգացնելով:

«Եվ հարցը ո՛չ այդ նախարարի մարգարեական ընդունակությունների մասին է, ո՛չ նրա մասնագիտական հատկանիշների. ահա արդեն 2 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցադրվող պետության ղեկավարման տոտալիտար, ավտորիտար ոճը, իշխանության մեջ զսպումների եւ հակակշիռների համակարգի վերացումը, ամբողջ համակարգը վարչապետի միանձնյա կամքին ենթարկելը հանգեցրին այն արատավոր արդյունքին, որ մեծ ու փոքր պաշտոնյաները ստիպված են իրենց հայտարարություններում սահմանափակվել առաջին դեմքի կարծիքով՝ խիստ հանձնարարված դիապազոնում վարիացիաներով:

Այս իմաստով Տիգրան Խաչատրյանը միակ օրինակը չէ. երբ Փաշինյանը թեթեւորեն, հիմար կատակներով գնահատում էր մեր երկրի համար ճգնաժամի հետեւանքները, համապատասխանաբար այս ալիքի վրա «տատանվում» էր նաեւ նախարարը, իսկ երբ, ինչպես ասում են, «ոսկորը կոկորդին կանգնեց», եւ վարչապետի գնահատականները փոխվեցին, դիրքորոշումը կտրուկ փոխեց նաեւ նախարարը: Կամ կարելի է հիշել մեկ ուրիշ աչք ծակող օրինակ. մինչ վարչապետը Սյունիքում անցկացնում էր իր միանգամայն ավելորդ քարոզչական հանրահավաքները, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը լռում էր, չնայած մյուս երկրների իշխանություններն այդ ժամանակ արդեն հապշտապ միջոցներ էին ձեռնարկում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար, բայց հենց Փաշինյանն իր հանրահավաքները դադարեցրեց, խոսնակն անմիջապես արթնացավ եւ բնակչությանը կոչ արեց… մեծ խմբերով չհավաքվել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Կառավարությունը ստեղծված այս ոչ տրիվիալ պայմաններում: Ո՛չ, նա արտադրական հատվածին, հատկապես փոքր եւ միջին բիզնեսին հարկերի վճարման, ապահովագրական գանձումների կամ վարձավճարների հետաձգում չի տրամադրում, այլ ուղղակի ձեռներեցներին հրավիրում է մտնել նոր պարտքերի տակ, թեկուզ եւ անտոկոս: Սա բիզնեսի կողմից հազիվ թե ուրախությամբ է ընդունվում, քանի որ վերցրած, այսպես կոչված, հակաճգնաժամային վարկերը, միունույն է, անհրաժեշտ է վերադարձնել: Առավել եւս, որ Կառավարությունն առաջարկում է նոր վարկեր վերցնել նաեւ հները մարելու համար, իսկ սա փակ շրջան է:

Արդեն այսօր կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ մինչեւ Փաշինյանի հայտարարած «հետճգնաժամային դրախտը» ոչ բոլորը կապրեն. հարյուրավոր եւ հազարավոր ձեռներեցներ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, եւ տա Աստված, որ հաջողվի պահպանել հայկական բիզնեսի գոնե հիմնական մասը: Ընդ որում՝ աշխատանքը կկորցնեն հազարավոր մարդիկ: Մի կողմից ինչպես էկոնոմիկայի նախարարը, այնպես էլ Կենտրոնական բանկը պնդում են, որ Հայաստանում տնտեսական աճի դանդաղումը կարճաժամկետ բնույթ կկրի, պնդում են ստեղծված իրավիճակի լիակատար անորոշության մասին, որը շատ անհայտ պարամետրեր է պարունակում, այնպես որ՝ հասկանալի չէ, թե նրանք ինչ հիմքով են վերցրել հայկական տնտեսության վրա արտաքին ցնցումների կարճաժամկետ ազդեցության թեզը:

Ճիշտ է, Կենտրոնական բանը, հաշվի առնելով մեծացող ռիսկերը, համենայնդեպս, գնաց դրամավարկային քաղաքականության ոչ մեծ մեղմացման՝ օրերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, որն արդյունքում կազմեց 5,25 տոկոս (համեմատության համար՝ Ռուսաստանում հենց այդ ժամանակ իրենց առանցքային տոկոսադրույքն անփոփոխ թողեցին՝ 6 տոկոս): Բայց այս դրամային միջոցը հազիվ թե ունակ լինի արդյունավետորեն հակազդել սրընթաց վրա հասնող համաշխարհային ռեցեսիային: Շատ կցանկանայի «չկռկռալ», բայց իշխանություններն ինչ-որ պահի, հնարավոր է, սպիպված են լինելու երկրում մակրոտնտեսական հաշվեկշիռը պահելու նպատակով ազգային արժույթը զգալիորեն արժեզրկել, ինչպես դա եղավ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ դրամը միանգամից 20 տոկոսով արժեզրկվեց: Բնակչության համար դրանից բխող բոլոր սոցիալական հետեւանքներով…»,- նշում է պարբերականը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք՝ «Գոլոս Արմենիում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերագնահատվող ճգնաժամ. Վիրուսը ստիպեց, որ Հայաստանում հաստատվի օրինական երկիշխանություն. Վահե Հովհաննիսյան
Ակնհայտ է, որ մենք եւ աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները...
«Փաստ». Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. Կառավարության համար գլխացավանք է գնումների գործընթացը տեղերում
Բանն այն է, որ իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել...
«Իրատես». «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է
Որոշ մարդիկ հավես չէին արել նիստին ներկա լինելու, ինչպե՞ս չջղայնանաս...
«Ժողովուրդ». Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները
Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել...
«Ժողովուրդ». Հրաժարվում են բոնուսային համակարգից․ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում
Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության ...
«Իրատես». Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է
Նեղ շրջանակում նրանք ամենեւին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ