News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կինոգործիչները բաց նամակ են հղել Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին։ Դրանում ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Չնայած այն հանգամանքին, որ հանրության ուշադրությունն այս պահին սևեռված է Կորոնավիրուսի պանդեմիայի զարգացումների վրա, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, ոմանք այս պահին էլ շարունակում են իրենց գործողություններով, ատելության խոսքի տարածմամբ, հայհոյախոսությամբ անդրադառնալ կինոոլորտին՝ օգտվելով նաև քաղաքական հովանավորչության որոշ դրսևորումներից:

Ավելին՝ փորձ են անում խանգարել կինոոլորտի կարևոր կառույցներից մեկի՝ Ազգային կինոկենտրոնի բնականոն աշխատանքը:

Երկար ժամանակ կինոոլորտը միավորող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպության՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամները, ոչ միության անդամ բազմաթիվ կինոգործիչներ, Ազգային կինոակադեմիայի անդամներ, անկախ ստեղծագործողներ լռել են՝ հույս ունենալով, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, բոլոր գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատականներ:

Այսօր, սակայն, ստիպված ենք բաց նամակով ներկայացնել մեր դիրքորոշումները:

Նամակն ուղղված է նաև ՀՀ ԱԺ-ին, ՀՀ կառավարությանը, համապատասխան մարմիններին:

Հուսով ենք, որ մեր հանրությունն ու մեր գործընկերները ըմբռնումով կմոտենան, որ երկրի արտակարգ այս իրավիճակում մեր հեռավար գործունեության ժամանակի մի մասը տրամադրել ենք այս հանգամանքին և շեղում ենք առավել կարևոր մտահոգություններից:

Առողջ եղեք: Մնացեք տանը:

Նամակը՝ ստորև (Ներողություն ենք խնդրում այս մեծ տեքստը այստեղ հրապարակելու համար)

ՀՀ ԱԺ նախագահ

պարոն Ա. Միրզոյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար

պարոն Ա. Հարությունյանին

ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ

պարոն Մ. Հայրապետյանին,

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

պարոն Ա. Խզմալյանին

ՀՀ ԱԺ հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն նախարար, ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն փոխնախարար

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ լինելով կինոոլորտը միավորող և կինոգործիչների շահերը պաշտպանող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպությունը, ունենալով 187 անդամ՝ մարդիկ, որոնք ստեղծել և ստեղծում են հայկական կինոն, մտահոգված է վերջին շրջանում որոշ նեղ շրջանակի կողմից խմբային և անձնական շահերով պայմանավորված այն ոչ առողջ դրսևորումներով, որոնք արհեստականորեն ստեղծվում են հայկական կինոյի ու կինոոլորտի շուրջ և որոնք սոցիալական ցանցերի գործադրմամբ թյուրըմբռնումներ կարող են ստեղծել ինչպես հանրության տարբեր շրջանակների, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը օրերս հրավիրել էր վարչության ընդլայնված նիստ, որին վարչության անդամներից բացի հրավիրված էին նաև կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոսցենարիստների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահները, ոչ միության անդամ կինոգործիչներ՝ կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, պրոդյուսերներ, կինոգետներ, երիտասարդ ստեղծագործողներ, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

Շուրջ չորս ժամ քննարկելով կինոոլորտին առնչվող բազմաշերտ խնդիրներ, մենք արձանագրում ենք, որ ապատեղեկատվության, կեղծ լուրերի, զրպարտանքի տարածման, սոցիալական ցանցերով ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյախոսության միջոցով թիրախավորելով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի գործունեությունը, փորձ է արվում ստվերել այն հսկայածավալ աշխատանքը, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի, ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր առողջ ուժերի ներգրավմամբ իրականացվել է վերջին 2,5 տարիների ընթացքում, մասնավորապես Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո:

Միաժամանակ փորձ է արվում հանրության ու պատկան մարմինների ուշադրությունը շեղել նախկինում Ազգային կինոկենտրոնում տեղ գտած մի շարք կոռուպցիոն դրսևորումների բացահայտումից, որոնց մասին տարբեր ժամանակներում բարձրաձայնել են բազմաթիվ կինոգործիչներ, և որոնց բացահայտման արդյունքում բազմաթիվ խմբային շահեր սպասարկողներ ու նրանց հովանավորողներ հնարավոր է ունենան լրջագույն խնդիրներ:

Նկատի առնելով, որ թիրախավորման հիմնական նշանակետ է ընտրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, կառույցում ձեռնարկվեց և իրականացվեց հսկայական աշխատանք, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության հեղափոխական փոփոխությունների շրջանը, երկրում իրականացվեցին կառուցվածքային ու համակարգային բարդ փոփոխություններ, որոնք, ցանկացած պարագայում, առաջ են բերում որոշակի դժվարություններ:

Եվ, այնուամենայնիվ, անցած 2 տարի 8 ամիսների ընթացքում Ազգային կինոկենտրոնը կարողացավ ընթանալ արմատական ու համակարգային լրջագույն դրական փոփոխությունների ճանապարհով՝ ստեղծելով զարգացման կայուն նախադրյալներ:

Ընդամենն անդրադառնալով Ազգային կինոկենտրոնի գործունեության մի քանի դրսևորումների միայն, նշում ենք, որ.

Ա. Այս ընթացքում հիմնովին փոխվել է Ազգային կինոկենտրոնի գործառույթը և այն նախկին կինոարտադրող ու միաժամանակ կինոոլորտի պետական ֆիանանսական աջակցությունը կառավարող կառույցից, որում առկա էր ակնհայտ շահերի բախում, վերածվել է բացառապես պետական ֆիանանսական աջակցությունը կառավարող, հայկական կինոմշակութային ժառանգությունը պահպանող ու հանրայնացնող, կինոյի զարգացման նախադրյալներ ստեղծող կառույցի, որով էլ պայմանավորված են մի շարք կառուցվածքային ու համակարգային փոփոխություններ:

Բ. Կառույցի նախաձեռնությամբ՝ կինոոլորտի տարբեր կողմերի ներգրավմամբ առաջին անգամ ստեղծվել է կինոնախագծերի մրցույթների կանոնակարգ, որն անընդհատ կատարելագործվել է կիրառության ընթացքում: Հենց այդ կանոնակարգված, բաց ու թափանցիկ գործելաոճի, արված փոփոխությունների վստահության արդյունքում է, որ արդեն 2019 թվականի բյուջեից ֆինանսավորվելու նպատակով ներկայացվել է մոտ 120-հայտ և պետական աջակցություն է ստացել 40-ից ավելի նախագիծ, որը կրկնակի անգամ ավելին է դրան նախորդած 2 տարիների համեմատ: Ավելին է ոչ միայն թվային համադրությամբ, այլև դեբյուտային ֆիլմերի տոկոսային աճով: Այս մոտեցման արդյունքում վերացվել են նաև հայտերի կամայական զտումները կինոկենտրոնի տարատեսակ խմբագիրների, բաժինների, գեղխորհուրդների կողմից, թափառող ֆիլմերի հետ կապված անհասկանալի մոտեցումները, բյուջեից-բյուջե փոխանցվող նախագծերը, ֆինանսական խառնաշփոթները և այլն:

Գ. 2018 թվականից սկսած, առաջին անգամ պետական աջակցության զգալի չափաբաժին է հատկացվել դեբյուտային ֆիլմերին, որն այս ընթացքում փաստացի կազմել է պետական աջակցության ավելի, քան 40 տոկոսը, որը կինոյի զարգացման կարևոր նախապայմաններից է:

Դ. Ստեղծվել է մրցութային հայտերի, պետական աջակցության բոլոր ընթացակարգերի կանոնակարգված, բաց և թափանցիկ դաշտ, որի արդյունքում բացառվել են տարիներ շարունակ առկա կոռուպցիոն մոտեցումները, որի հետևանքում գործունեության դաշտից զրկվել են մի շարք անձինք, որոնց մասին, ինչպես արդեն նշել ենք, նախկինում ամենատարբեր առիթներով բարձրաձայնել են բազմաթիվ կինոգործիչներ:

Ե. Մեծածավալ աշխատանք է իրականացվել հեղինակային իրավունքի ոլորտում, որը տարիներ շարունակ եղել է բարձիթողի վիճակում և որի հետևանքում իրական կինոստեղծողների ու նրանց ժառանգների փոխարեն շահել են առանձին անձինք:

Զ. Իրավական դաշտ են բերվել հայկական կինոժառանգության հետ կապված բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրներ:

Է. Հայկական կինոյի հանրայնացման ու տարածման նախկինում ձախողված փորձերի փոխարեն լավագույնս իրականություն է դարձել միջազգային հարթակներում հայկական կինոյի ներկայացվածության խնդիրը: Դրա վառ վկայությունն են 2019 թ. փետրվարին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ներկայացված և մեծ միջազգային արձագանք ստացած «Կինոյի տաճար» ծրագիրը, Վաշինգտոնում բացված հայկական ֆիլմերի փառատոնը, Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում առաջին անգամ բացված հայկական տաղավարը և այլն, որին մասնակցել է 20 հայ ռեժիսոր, 15 պրոդյուսեր և ներկայացվել է 50 հայկական կինոնախագիծ։

Ը. Իրականություն է դարձել միջազգային հեղինակավոր կառույցների ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի փոխկապակցված աշխատանքը՝ հիմնված խորհրդատվության, փորձի ձեռքբերման վրա:

Թ. Կայացել են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են համախմբելու պրոֆեսիոնալ կինոգործիչներին, զարգացնելու կինոոլոտը:

Ժ. Խրախուսվել են երիտասարդ ստեղծագործողներ, որոնք հնարավորություն են ունեցել զբաղվել իրենց աշխատանքների առաջխաղացմամբ ու զարգացմամբ:

Ի. Ազգային կինոկենտրոնի որդեգրած նոր մոտեցումները հանգեցրել են նրան, որ պետական ֆինանսական միջոցների բաց, թափանցիկ ու կանոնակարգված կառավարման արդյունքում վերացել է մի շարք կինոգործիչների մենաշնորհը, պետական աջակցության կարելիություններից օգտվել են բազմաթիվ նոր, երիտասարդ ստեղծագործողներ, կինոարտադրող ընկերություններ՝ համապատասխան իրենց կողմից իրագործված գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի:

Լ. Ձեռնարկված փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ժամանակի ընթացքում կինոոլորտում առաջանան պրոֆեսիոնալ կինոարտադրող ընկերություններ, կինոոլորտը սպասարկող պրոֆեսիոնալ իրավաբանական, պրոդյուսինգային ծառայություններ ու կենտրոններ:

Միաժամանակ արձանագրելով, որ՝

Ա. Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված կինոնախագծերի մրցույթների կանոնակարգը նոր, էական ու շարունակական փոփոխությունների կարիք ունի, քանի որ մեծ կարևորություն է ներկայացնում պետական ֆինանսական աջակցության բաշխման, հայտերի քննարկման և գնահատման համակարգերի անընդհատ կատարելագործման տեսակետից:

Բ. Ազգային կինոկենտրոնի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև կինոոլորտում սպասվող համակարգային փոփոխությունները, պայմանավորված նաև Կինոյի մասին երկար սպասված օրենքի ընդունումով, առաջ է բերում ոլորտում ներգրավված առողջ ուժերի համախումբ աշխատանք՝ ուղղված բոլոր խնդիրների քայլ առ քայլ լուծմանը,

Հայտարարում ենք, որ՝

Ա. Աջակցում ենք Հայաստանի կառավարության՝ ոլորտի կարգավորմանն ուղղված բաց ու թափանցիկ գործունեությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ որպես ոլորտի համակարգողի, ձեռնարկած քայլերին՝ ուղղված թափանցիկ, մասնակցային, հանդուրժողության մթնոլորտում խնդիրների քննարկմանն ու ոլորտի ազատականացմանն ու անկախությանը:

Բ. Աջակցում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարի պաշտոնում մեր գործընկերոջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի կողմից ձեռնարկված և ձեռնարկվելիք բոլոր այն գործողություններին, որոնք կոչված են լավագույնս և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով կանոնակարգելու կինոոլորտը, նպաստելու ազգային կինոյի զարգացման ու հանրայնացման ժամանակակից մոդելների կիրառմանը, կոռուպցիոն համակարգերի՝ իրավական կարգավորումներով այլևս բացառմանը, կառույցի անկախությանն ու թափանցիկությանը:

Գ. Աջակցելու ենք բոլոր այն ձեռնարկումներին, որոնք կոչված են բացահայտելու նախկինում Ազգային կինոկենտրոնում և կինոոլորտում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները:

Դ. Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի զրպարտություններով, հայհոյախոսությամբ ու վիրավորանքներով, ատելության խոսքով առաջնորդվող անձինք ստանան իրավական համապատասխան գնահատական:

Հայաստանի իշխանություններին, մասնավորապես Հայաստանի դատական իշխանությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում ամենայն հետևողականությամբ զբաղվել բոլոր այն գործերով, որոնք կապ ունեն իրավական մութ գործընթացների հետ, որոնց մասին բարձրաձայնել են թե բազմաթիվ կինոգործիչներ, թե Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի կողմից իրազեկվել են պատկան մարմինները:

ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնամուխ լինել Կինոյի մասին օրենքի ընդունմանը, արհեստական խոչընդոտների պատճառով չհետաձգել ոլորտի համար այդ կարևորագույն օրենքը:

Հայաստանի կառավարությանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում հնարավորինս արագ ավարտել կինոոլորտի համակարգային և կառուցվածքային փոփոխությունները:

Օգտվելով համաճարակային իրավիճակով թելադրված արտակարգ դրության պայմաններից, որն արգելում է հավաքները, մի խումբ անձինք և նրանց հովանավորները շարունակում են իրենց ոչ առողջ գործողություններով խոչընդոտել այն գործընթացներին, որոնք իրականացվում են հայկական կինոյի զարգացման նկատառումներով և բացառապես ուղղված են կինոմթնոլորտի առողջացմանը, կինոոլորտում թափանցիկ գործունեության իրականացմանը, միաժամանակ խոչընդոտելով Ազգային կինոկենտրոնի բնականոն գործունեությունը:

Ցավալի է, որ այդ գործողությունները հավանության են արժանանում քաղաքական որոշ ուժերի, իշխանության և իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների կողմից, ոմանց համար դառնում են ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն:

Մենք ոչ միայն պատրաստ ենք ամբողջ ուժերով համագործակցել կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների, ոլորտում ներգրավված բոլոր կողմերի առողջ ուժերի հետ, այլև հայտարարում ենք, որ արտակարգ դրության չեղարկումից հետո հանդես ենք գալու հրապարակային լայն գործունեությամբ՝ իրերը կոչելով իրենց անուններով:

Երկար ժամանակ լռելով, զբաղվելով բացառապես գործով, ներգրավված լինելով բոլոր առողջ և համակարգաստեղծ գործընթացներում, որոնք կոչված են կինոոլորտի առողջացմանը, որոշ շրջանակներ այդ կեցվածքը շփոթել են թուլության, ամենաթողություն հանդուրժելու, ոլորտի շահերը պաշտպանելու մեր կարողության, նպատակադրվածության ու պատրաստակամության բացակայության հետ և շարունակում են զրպարտչական, խառնակչային ու հայհոյախառն գործողություններ, ատելության խոսքի տարածում:

Վստահաբար ասում ենք, որ թույլ չենք տալու:

Հարություն Խաչատրյան

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ, Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ:

Արթուր Բախտամյան

Ռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, Ազգային կինոակադեմիայի անդամ

Էդգար Բաղդասարյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոռեժիսորների գիլդիայի նախագահ

Անետա Երզնկյան

Կինոքննադատ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,

Ազգային կինոակադեմիայի անդամ

Ռուբեն Երզինկյան

Կինոռեժիսոր, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արտյոմ Երկանյան

Հեռուստահաղորդավար, մեկնաբան, լրագրող, Ազգային կինոակադեմիայի անդամ

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Գայանե Մարտիրոսյան (որոշակի վերապահումներով)

Ռեժիսոր, անիմատոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Դավիթ Մուրադյան

Կինոգետ, ԵԹԿՊ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արամ Շահբազյան

Կինոռեժիսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Վրեժ Պետրոսյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Միքայել Պողոսյան

Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Դավիթ Սաֆարյան

Ռեժիսոր, սցենարիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,

Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոօպերատորների գիլդիայի նախագահ

Գոռ Ա. Վարդանյան

Կինոպրոդյուսեր

Վիգեն Ստեփանյան

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Ազգային կինոակադեմիայի անդամ,

Կինոդերասանների գիլդիայի նախագահ

Լևոն Գալստյան

Սցենարիստ, Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ

Սուսաննա Հարությունյան

Կինոգետ, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի նախագահ

Անի Որսկանյան

Կինոպրոդյուսեր, Կինոպրոդյուսերների գիլդիայի անդամ

Կարինե Սիմոնյան

Կինոպրոդյուսեր, Կինոպրոդյուսերների գիլդիայի անդամ

Ինա Սահակյան

Կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր

Գոհար Իգիթյան

Կինոպրոդյուսեր

Արման Նշանյան

Կինորոդյուսեր

Ինեսսա Մկրտչյան

Կինոպրոդյուսեր

Արմեն Հայրապետյան

Կինոպրոդյուսեր

Հրանտ Հակոբյան

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ

Հրանտ Մովսիսյան

Կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ

Հրանտ Վարդանյան

Կինոռեժիսոր, «Արև» ֆիլմ ստուդիայի հիմնադիր

Արշո Հարությունյան

Կինոռեժիսոր

Ստեփան Մարտիրոսյան

Կինոռեժիսոր

Թամարա Ստեփանյան

Կինոռեժիսոր

Նաիրա Մուրադյան

Ռեժիսոր, անիմատոր, նկարիչ

Արմինե Հարությունյան

Ռեժիսոր, անիմատոր

Սամվել Թադևոսյան

Կինոռեժիսոր

Հայկ Կբեյան

Կինոռեժիսոր

Մանե Բաղդասարյան

Կինոռեժիսոր

Ալեքսանդր Բաղդասարյան

Կինոռեժիսոր

Արթուր Սահակյան

Կինոռեժիսոր

Էդուարդ Համբարձումյան

Կինոռեժիսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արեն Մալաքյան

Կինոռեժիսոր

Գուժ Թադևոսյան

Կինոռեժիսոր

Հայկ Օրդյան

Կինոռեժիսոր

Լիանա Սմբատյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Քրիստ Մանարյան

Սցենարիստ, դրամատուրգ

Րաֆֆի Մովսիսյան

Կինոգետ

Քնարիկ Միրզոյան

Կինոսցենարիստ, Կինոսցենարիստների գիլդիայի անդամ

Սոնա Կարապողոսյան

Կինոգետ, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Ռուզաննա Ավետիսյան

Կինոգետ

Ռոբերտ Մաթոսյան

Կինոգետ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արայիկ Մանուկյան

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական

Սիրանույշ Գալստյան

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Արծվի Բախչինյան

Կինոգետ, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ազգային կինոակադեմիայի, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Արթուր Սարգսյան

Սցենարիստ, ռեժիսոր

Անահիտ Կեսայան

Հնչյունային ռեժիսոր

Լարիսա Ստեփանյան

Կինոինժեներ

Գոհար Համալբաշյան

Մոնտաժի ռեժիսոր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի եւ նույնանուն ֆիլմի սցենարի հեղինակ Լեոնիդ Զորինը
Զորինի մահվան պատճառն առայժմ չի հրապարակվում…
Կորոնավիրուսը համաշխարհային կինոյի վրա 5 մլրդ դոլար կնստի
Այս տարի կորուստներն արդեն այնպիսին են, որ ինդուստրիան կզրկվի առնվազն 5 միլիարդից․․․
Ինչպես Բոբ Այգերը Disney-ը կրկին հզոր դարձրեց (ֆոտո)
Մի քանի օր առաջ Disney-ի տնօրենների խորհուրդն անսպասելիորեն հայտարարեց ընկերության ղեկավարության փոփոխության մասին...
Մահացել է հայտնի վրացի ռեժիսոր Գեորգի Շենգելայան
1986 թվականին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում...
Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն
Պետական ֆինանսները բաշխվում են անարդյունավետ եւ անտրամաբանական...
Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդներ» ֆիլմերի ռեժիսորը
Բրոմբերգը «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ