News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը տարօրինակ է համարում մարզիկների` ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին սատարելու հանգամանքը:  Հայտարարությունը տարածած մարզիկների մի մասը, ըստ նրա, առանց Թամրազյանին ճանաչելու են  խոսում նրա բարձր որակների մասին: 

«Յուրքանաչյուր մարզիկ ինքը պետք է իր արածների համար պատասխան տա: Անհրաժեշտ է խորապես եւ լրջորեն ճանաչել մարդուն,  նախքան նրան սատարող տեքստ հրապարակելը: Այդ հայտարարության մեջ խոսվում է մարդկային բարձր արժեքներից: Նրանք, ովքեր տարածել են այն, խորապես կասկածում եմ, որ փոխնախարարին վաղուց են ճանաչում: Իսկ, որպեսզի կարողանաս մարդու բարձր տեսակի մասին խոսել, պիտի նրան լավ ճանաչես»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Մեր ունեցած տեղեկություններով` որոշ անվանի մարզիկներ դժգոհել են, ասելով, թե իրենց ստիպում են  Թամրազյանին սատարող խոսքեր գրել իրենց սոցիալական էջերում: Մարզիկները նշել են, որ չեն ցանկանում մտնել քաղաքական խաղերի մեջ: Ջուլֆալակյանը չժխտեց, որ այսպիսի խոսակցություններ եղել են.

«Մարզիկների հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել: Այո, նրանք ասացին, որ չեն մտնելու քաղաքական խաղի մեջ: Կան սպորտսմեններ, որոնց Թամրազյանը պարզապես չէր կարող որեւէ բան պարտադրել, նման հնարավորություն նա չունի»: Ջուլֆալակյանը հորդորում է մարզիկներին հարցնել, թե կոնկրետ ո՞վ է նրանց ասել, որ սատարեն ԿԳՄՍ փոխնախարարին: Մի մարդու, որն արդեն երկու անգամ հրավիրվում է Ազգային անվտանգության ծառայություն:

«Տիտղոսակիր մարզիկներին կարելի է հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց աջակցությունը»,- ասաց նա: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ  Թամրազյանի արարքներին շատ ծավալուն անդրադարձ է լինելու երկուշաբթի օրը` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովում: Պատգամավորը վստահեցրեց, որ հանրությանը հուզող բոլոր հարցերը տեղում տրվելու են հասցեատիրոջը. «Դեռ մի բան էլ ավելի` անձամբ ելույթ եմ ունենալու: Խոստանում եմ առնվազն սպորտում ունեցած բոլոր խնդիրները բարձրաձայնել եւ ուղղել պարոն փոխնախարարին: Ներկա է լինելու նաեւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը: Նրա կարծիքը նույնպես կլսենք: Որպեսզի երկուշաբթի օրվա քննարկման որակը չընկնի, Թամրազյանի արարքների մասով այս պահին ավելին չեմ կարող ասել»:

Ջուլֆալակյանը մտահոգված է` հանրության շրջանում տպավորություն կարող է ստեղծվել, որ մարզիկների մի մասը քաղաքական նպատակներով «օգտագործվում» են հենց քաղաքական թիմի կողմից: «Ես չեմ ուզում, որ նման տպավորություն լինի: Ժամանակը ցույց կտա` Թամրազյանը համարվում է քաղաքական թիմի անդամ, թե ոչ»,-ասաց պատգամավորը: Եթե թիմի անդամ չէ, ապա ի՞նչ գործ ունի ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, հարցին ի պատասխան` Ջուլֆալակյանն ասաց, որ չգիտի` քաղաքական թիմը աջակցե՞լ է նրան, այդպիսի «ինքնապաշտպանական» միջոցների դիմելու հարցում․

«Ինֆորմացիա չունեմ, որ մեր թիմը նրան աջակցել է նման ձեւով ինքնապաշտպանվել այն գործողություններից, որոնցում մեղադրվում է: Մարզաշխարհին կոչ եմ անում, երբ սատարող կամ քննադատող ելույթներով հանդես գան, թող պատրաստ լինեն հետո հետեւանքների համար պատասխան տալու:  Հետագայում չունենան զգացողություն, որ կոնկրետ մարդկանց կողմից «օգտագործված» են եղել: Ես Թամրազյանի այս  մի քանի ամիսների աշխատանքի գնահատականը կտամ երկուշաբթի օրը: Հուսամ  նա այնտեղ կլինի, որովհետեւ հրավիրված է: Ինքներդ հնարավորություն կունենաք դատել, թե որքանով են նրա պատասխանները համոզիչ»,- ընդգծեց Ա․Ջուլֆալակյանը: 

Տպել
Ամենաշատ