News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիներին, այս պարագայում նաեւ ՀՀ քաղաքացու անվտանգությանը եւ նաեւ հանրային անվտանգությանը, ոչ միայն անհատական: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ օրենքին, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

«Հետեւաբար համավարակի այս պայմաններում հանրաքվեի չեղարկումը պարզապես անհրաժեշտություն է: Մենք չենք կարող նման համավարակի պայմաններում անցկացնել հանրաքվե: Սա կարծում էի՝ պետք է ընդունելի լիներ նաեւ ընդդիմադիր մեր գործընկերների համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, հայտարարելով, որ այն հակասահմանադրական է, Մակունցն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ իրենց մտահոգությունը ոչ այնքան հանրաքվեն չեղարկելու հետ է կապված, որովհետեւ հիշում ենք, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ էր, իսկ ԲՀԿ-ն չի քվեարկել դրանով արտահայտելով իր դեմ դիրքորոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

Մենք կարծում ենք, որ խնդիրը ՍԴ-ի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում, եւ նրանց դիրքորոշումը պայմանավորված է հենց դրանով: Ի՞նչ է նշանակում լուծել ՍԴ-ի ճգնաժամը, Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթներով, ինչը հիմա այդպես չէ: Մենք չենք թաքցնում եւ հայտարարել ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որ 2015-ի Սահմանադրությունը եւ ՍԴ մոդելը համապատասխանեն իրար: Մենք հանձնառու ենք, որ այդ համապատասխանությունը լինի»:

Հարցին, թե արդյոք այս իրավիճակում հանրությանն այդ հարցերը հետաքրքրում են, «Իմ քայլի» ղեկավարն պատասխանեց. «Համավարակի առնչությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացվում են, տասնյակից ավելի ծրագրեր ու միջոցառումներ պարետատունը մշակել եւ իրականացնում է: Միաժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի: Այդ օրակարգը շարունակվելու է եւ այդ օրակարգի մի մասն էկազմում ոչ միայն ՍԴ-ի համապատասխանությունը գործող Սահմանադրությանը, այլեւ դատաիրավական համակարգի բոլոր բարեփոխումները, ոստիկանությունն առնչվող բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունների փաթեթի մշակումը, սոցիալական անհրաժեշտ նախագծերը եւ այլն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ