News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ ձախ արմատական «Անտիֆա» շարժման հետ կապված «ծայրահեղական քարոզիչները» եւ օտարերկրյա պետությունների շահերի շրջանակում գործող խմբավորումները փորձել են օգտվել համազգային բողոքի ցույցերից ԱՄՆ-ում իրադրությունը սրելու համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Բարի հայտարարությունները կատարվել են երեք օր անց այն բանից հետո, երբ ներքին անվտանգության նախարարությունը իրավիճակը վերլուծելիս պարզել է, որ բողոքի ցույցերի ժամանակ բռնությունների մեծ մասը, ըստ երեւույթին, կատարել են ոչ թե կազմակերպված ծայրահեղականները, այլ արկածախնդիր մարդիկ, որոնք ծագած անկարգություններից օգտվել են հանցագործություններ կատարելու համար:

Մինչ Բարն ու երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մեղքի մեծ բաժինը վերագրում են «Անտիֆա»-ից ձախ ծայրահեղականների վրա, Լաս Վեգասի դաշնային դատախազությունը չորեքշաբթի աջծայրահեղական «Բուգալու» խմբավորման 3 անդամների մեղադրել էր ցույցերի ժամանակ բռնություն եւ ավերումներ ծրագրելու մեջ:

«Մենք տեսանք, որ «Անտիֆա»-ն եւ այլ նման ծայրահեղական խմբերը, ինչպես նաեւ տարբեր քաղաքական շարժումների անդամները ներքաշվել էին բռնի գործունեության սադրանքի եւ դրան մասնակցելու մեջ»,- ասել է Բարը մամուլի ասուլիսում:

Բարի խոսքով՝ օտարերկրյա խմբավորումները հիմա համացանցում ապատեղեկատվական արշավներ են անցկացնում՝ նման նրանց, որոնք ռուսական իշխանություններն անցկացրել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություննեևրի ժամանակ: Բարի խոսքով՝ օտարերկրացիների նպատակն է ամերիկյան հանրության շրջանում երկպառակություն սերմանելը: «Օտարերկրյա պետությունների հետ կապված հաքերներից եւ խմբավորումներից որոշները կենտրոնանում են մեզ մոտ ստեղծված այս կոնկրետ իրավիճակի վրա եւ փորձում են հնարավոր բոլոր միջոցներով այն սրել»,- հայտարարել է գլխավոր դատախազը:

Բարը նաեւ կողմ է հանդես եկել երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան դիմաց հրապարակից խաղաղ ցուցարարներին բռնի ուժով հեռացնելուն: Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ այդ որոշումը թելադրված էր նրանով, որ հանգստյան օրերին անկարգությունները դուրս էին եկել վերահսկողությունից:

«Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է ավելացնել արգելապատնեշները՝ Սպիտակ տունը պաշտպանելու համար»,- նշել է Բարը:

Թրամփին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին զինվորների առկայությունը Վաշինգտոնի փողոցներում «մտահոգիչ» է անվանել: Փելոսին լրագրողներին պատմել է, որ իր դուստր Ալեքսանդրան ներկա է եղել այն ժամանակ, երբ դաշնային գործակալները Բարի պատվերով մաքրել են Սպիտակ տան մոտակայքում գտնվող Լաֆայետ պարկը ցուցարարներից: «Նա կարծել է, որ իր աչքերի մեջ արցունքաբեր գազ է լցվել»,- ասել է Փելոսին:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը եւ այլ իրավապաշտպան կազմակերպություններ ցուցարարների անունից հինգշաբթի դատական ​​հայց են ներկայացրել՝ դատական որոշում պահանջելով, որ Թրամփը, Բարը եւ վարչակազմի այլ պաշտոնատար անձինք խախտում են Սահմանադրությունը:

«Երբ իրավապահը մարմինների բարձրաստիճան աշխատակիցը դառնում է բռնակալ մարտավարության հանցակից, նա խախտում է խոսքի ազատության իրավունքը յուրաքանչյուրիս համար»,- հայտարարել է Կոլումբիայի շրջանի Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության իրավաբանական տնօրեն Սքոթ Միշելմանը:

Բարի խոսքով՝ դաշնային գործակալները բռնության մեղադրանքով 51 ձերբակալություն են իրականացրել: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով վիրավորվել է 114 իրավապահ, 22 մարդ հոսպիտալացվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ