News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Չեխիայի Անվտանգության եւ տեղեկատվության ծառայությունը փակել է Պրահայի քաղաքական գործիչների թունավորման սպառնալիքի վերաբերյալ գործը, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը:

Հատուկ ծառայության տեղեկություններով՝ գործը Պրահայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների միջեւ «թշնամանքի եւ նախանձի մասին պարզունակ եւ տխուր պատմություն» է: Գերատեսչությունը պնդում է, որ նրանցից մեկը որոշել է վնաս հասցնել իր գործընկերոջը եւ նրա վրա մատնություն կատարել ԱՏԾ-ում:

Դիվանագետը գերատեսչություն է ուղարկել անստորագիր նամակ, որում հայտնել է քաղաքական գործիչներին սպառնացող վտանգի մասին: Ուղերձում նշվում էր, որ երկիր է ժամանել ռիցին թույնով մարդ: Այն բանից հետո, երբ տեղի է ունեցել տեղեկությունների արտահոսք տեղական լրատվամիջոցներ, դա դժվարեցրել է հատուկ ծառայությունների աշխատանքը եւ գործի քննությունը:

ԱՍԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդուհանդերձ, գերատեսչությունը կարողացել է բացահայտել, թե «ինչ է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատանը, ով է կանգնած անստորագիր ուղերձի հետեւում եւ ինչ նպատակ է հետապնդել»:

Ստացած տվյալների հիման վրա Չեխիայի իշխանությունները որոշել են ռուսական դեսպանատան երկու աշխատակիցներին երկրից վտարել: Գերատեսչությունը նշում է, որ մինչեւ դա դիվանագետներին «լուռ ու հանդարտ» երկրից հեռանալու հնարավորություն են ընձեռել, բայց նրանք դրանից չեն օգտվել: «Այսպիսով, երկու անձինք ճանաչվել են անցանկալի անձ եւ հունիսի 7-ին Չեխիան լքել են»,- նշում են ԱՏԾ-ից:

Ապրիլի վերջին չեխական Respekt պարբերականը հետաքննություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանից Պրահա է ժամանել դիվանագիտական անձնագրով մարդ, որը ծրագրել է թունավորել Պրահայի Վեցերորդ շրջանի վարչակազմի ղեկավար Օնդրժեյ Կոլարժին եւ Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբին: Առաջինը Պրահայում մարշալ Կոնեւի հուշարձանի ապամոնտաժման կազմակերպիչն է: Ռուսաստանի ԱԳՆ-ից այս հրապարակումը ֆեյք էին անվանել, իսկ Կրեմլում՝ «լրագրային բադիկ»:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հունիսի 5-ին հայտնել էր, որ թունավորման սպառնալիքի մասին տեղեկությունը չի հաստատվել, չեխական հատուկ ծառայություններին կեղծ տեղեկություններն ուղարկել էր ռուսաստանցի դիվանագետներից մեկը: Բաբիշը նշել էր, որ միջադեպը վնաս է հասցրել ռուս-չեխական հարաբերություններին: Ռուսական դեսպանության աշխատակիցների միջեւ կոնֆլիկտի պատճառով Չեխիան որոշել է դիվանագետներին վտարել:

Ռուսաստանի դեսպանությունը դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վտարելու մասին չեխական իշխանությունների որոշումը որակել էր «շինծու սադրանքի» հետեւանք»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Չեխիային «հայելային պատասխան» էր խոստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ