News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2005թ․-ից մինչեւ օրս «Հայ եկեղեցու պատմություն» դասավանդող Լուսինե Մնացականյանը դժգոհ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրած Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագծից, որով առաջարկվում է ՀԵՊ-ը հանել դպրոցական ծրագրից և ներառել «Հայրենագիտություն» առարկայի մեջ։ NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին տարակուսանք է հայտնում՝ ինչպե՞ս կարող է այդ առարկան ինտեգրվել այլ առարկայի։

«ՀԵՊ-ը  դպրոցական ծրագրից հանելը եւ որևիցե այլ առարկայի ինտեգրելը, չեմ կարծում, որ ինչ-որ նպատակի կծառայի։ Առարկան չունի կրոնական դիտարկումներ, պարզապես գիտելիքներ ենք տալիս մեր եկեղեցու, տոների, ավանդույթների, մշակույթի մասին։ 10, 11-րդ դասարաններում բարոյագիտություն ենք անցնում, ժամերգություն, պատարագ, բացատրում ենք աշակերտին դրա իմաստը, որովհետև եկեղեցում երեխան չի հասկանում, թե ինչի՞ համար են պատարագ մատուցում և շատ այլ նման հարցեր»,- նկատում է ուսուցչուհին։

Տեսական գիտելիքն ամրապնդելու համար գործնականում են կիրառում սովորածը։ Ըստ տիկին Մնացականյանի՝ ուխտագնացություններ են կազմակերպում, մասնակցում պատարագների, դպրոցում եկեղեցական տոներն են նշում և այդ կերպ յուրացնում ստացած գիտելիքները։

«Մկրտությունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում, որովհետև եթե նախկինում քեֆ, ուրախության համար էին մկրտվում, հիմա հասել ենք նրան, որ աշակերտներն ու ծնողները կարևորություն են տալիս մկրտության խորհրդին»,- նշում է ուսուցչուհին, ապա վստահեցնում՝ աշակերտները հետաքրքրված են առարկայով։

«Հայ եկեղեցու պատմությունը» առարկան դասավանդվում է 5-ից 11-րդ դասարաններում, շաբաթական ընդամենը 1-ական ժամ։

«Չեմ կարծում եմ, որ այդ մեկ ժամը այնքան կարևորություն պիտի ներկայացնի, որ ուրիշ առարկայի տան»,- ասում է ուսուցչուհին և շարունակում․

«Երեխայի մեջ համբերատարություն ենք ձևավորում, հանդուրժողականություն, գթասիրություն, բազմաթիվ արժեքներ կան մարդու մեջ, որ առարկայի միջոցով կարողանում ենք վերհանել։ Հենց այդ մարդկային արժեքներն են վտանգված, առարկան հանելու դեպքում շատ արժեքներ ենք կորցնելու»։

Լուսինե Մնացականյանն ուշադրություն է հրավիրում  փաստին, որ «Հայրենագիտության» 5-րդ դասարանի դասագիրքը շատ ծավալուն ու բարդ է, ուր մնաց, եթե այդ ամենին էլ գումարվեն «Հայ եկեղեցու պատմությունից» դասընթացները․

«Առանց այդ էլ «Հայրենագիտության» դասագրքից բողոքում են ծնողները, ուսուցիչները։ Շատ ծանրաբեռնված է, դա էլ գումարվի, լրիվ անիմաստ է դառնում»,- ասում է նա ու հավելում, որ առարկաները ինտեգրելու պարագայում «Հայ եկեղեցու պատմությունը» աշակերտները մակերեսորեն կուսումնասիրեն։

Առարկան հանրակրթական ծրագրից հանելն ուսուցչուհին նաև սոցիալական տեսանկյունից է մտոհոգիչ, քանի որ ՀԵՊ դասավանդող ուսուցիչները կանգնած են աշխատանքը կորցնելու հեռանկարի առաջ։ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին նշում է՝ ինքը 15 դասաժամ ունի, որից 8-ը ՀԵՊ է դասավանդում։ Իսկ արդյո՞ք մնացյալ դասաժամերի համար կցանկանան մեկ հաստիք պահել։

ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ առաջ էլ են քննադատություններ հնչել։ Մասնավորապես, թե այդ առարկան դասավանդելը ոտնահարում է այլ ազգության աշակերտների իրավունքները, մինչդեռ տիկին Մնացականյանը նշում է, որ որևէ պարտադրանք չկա։

«Ես նաև կիրակնօրյա վարժարանում եմ դասավանդում։ Մեծամասնությունը եզդիներ են, և ոչ թե ես եմ ստիպողաբար իրենց բերում, այլ ծնողները խնդրում են, որ իրենց երեխաները ներգրավվեն, որովհետև ասում են՝ լրացուցիչ գիտելիքը երեխային չի խանգարում, կապ չունի մեր դավանանքն է, թե ոչ։ Այդ տեսանկյունից բողոք ընդհանրապես չունենք»,- ասում է ուսուցչուհին։

ՀԵՊ դասավանդող ուսուցիչները սոցիալական ցանցերում իրենց մտահոգություններն արտահայտում են բաց նամակների տեսքով, որոնք ուղղված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

News.am-ի հետ զրույցում մտահոգություններն է փոխանցել նաև Արմավիրի մարզի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Մարգարյանը։ ՀԵՊ առարկան նա դասավանդում է արդեն 13 տարի է․

«Ամենամեծ մտավախությունս է, որ այն լիարժեք չի դասավանդվելու, ինչպես առանձին էինք անցնում՝ մանրամասնորեն։ Մեր երեխաներն ընդհանրապես ծանոթ չէին մեր ծեսերին, այն արժեքներին, որ պահպանել էր Հայ Եկեղեցին։ Այսքան տարիների ընթացքում մենք այնքա՜ն նշանակալի ձեռքբերումներ ունեինք»,- ասում է նա։

Գոհար Մարգարյանը բացատրում է, որ շատ ավելի վաղ, երբ այս առարկան չէր դասավանդվում, նախորդ սերունդներն առանձնապես տեղեկացված չէին, հիմա պատկերն այլ է։ Առարկան ոչ միայն գիտելիք ստանալու տեսանկյունից է կարևոր, այլև երեխաներն են հետաքրքրված։

«Մեր ժամանակ մենք չգիտեինք, թե տաղավար տոները որոնք են, ինչ խորհուրդ ունեն։ Բացի այդ, մեր երեխաների հայեցի դաստիարակության համար այս առարկան շատ մեծ նշանակություն ունի։ Ինչպե՞ս կարելի է սա ինչ-որ այլ առարկայի միացնել։ Երբեմն ասում են, որ առարկան քարոզչություն է անում և այլն, բայց մենք ունեցել ենք աշակերտներ, որոնք եղել են աղանդավորական շարժման ներկայացուցիչներ, նախ մեզ ասել են, որ երբեք նման երեխեքին չպարտադրենք ինչ-որ բան անել, բայց իրենք ինքնակամ ժամանակի ընթացքում ինտեգրվել են այդ դասի շնորհիվ»,- հավաստիացնում է ուսուցչուհին։

Գոհար Մարգարյանը կարծում է, որ առարկաների ինտեգրման պարագայում ՀԵՊ դասավանդումը կդառնա մակերեսային։

Մեր հարցին, թե մտավախություն չունի, որ կարող է աշխատանքից զրկվել, եթե այդ նախագիծն իրականություն դառնա, տիկին Մարգարյանն ասում է, որ բացի ՀԵՊ-ից, նաև «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներն է դասավանդում և աշխատանքը կորցնելու վտանգ չի տեսնում, սակայն, իհարկե, դասաժամերը կնվազեն։ Այնուամենայնիվ, եթե ոչ ինքը, ապա շատերը այդ խնդրի առաջ կկանգնեն, նկատում է նա։

Ուսուցիչները ցավով են նշում, որ այս նախագծի մշակմանը շահագրգիռ կողմերը չեն ներգրավվել և արդյունքում գրեթե փաստի առաջ են կանգնել։ Սակայն, դեռ հուսով են, որ իրենց ձայնը լսելի կլինի նախարարությունում։

Տպել
Ամենաշատ