News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման եւ համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային եւ կառուցողական մոտեցման նկատմամբ:

Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաեւ ջրային եւ էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարեւորությունից եւ վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ առկա սերտ համագործակցությունը դրսեւորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում եւ համակարգվում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաեւ Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին եւ դրանց հետագա իրագործմանը:

Երկուստեք կարեւորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները եւ ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել