News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեկ բառով եթե ասեմ, ապա խայտառակություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

«Հայցադիմումների և դիմումների համար վճարման ենթակա պետական տուրքերի գինն ավելանում է, որոշ դեպքերում թանկանալով կրկնապատիկ, որոշ դեպքերում հնգապատիկ։ Ընդ որում, հետաքրքրական են հիմնավորումները։ Որոշվել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ կյանքը Հայաստանում դարձել է շատ բարվոք և եկել է ժամանակը, որ այդ բարվոք կյանքի պտուղներով պայմանավորված՝ պետական տուրքի դրույքաչափերը պետք է բարձրացվեն։

Այնպիսի տպավորություն է, որ որոշ պետական հիմնարկներ դուրս են եկել մրցավազքի և ուզում են ի ցույց դնել, թե իրենցից ով ավելի «լավ» օրենք կընդունի, որը կնպաստի գումարների հավաքագրմանը»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այսօր ՀՀ դատարաններում քննվող գործերի 80-90 տոկոսը կազմում են բանկային, վարկային, բնակչության սպասարկման ոլորտում գործող կազմակերպությունների կողմից ներկայացված հայցերը, որոնց վերաբերյալ դատական ակտ կայացվելու պայմաններում, դրանցից գոյացող պետական տուրքի վճարման պարտավորությունը դրվում է պատասխանող կողմի վրա. «Այսինքն, այդ պետական տուրքերի դրույքաչափերի ավելացման բեռը կրելու են առաջին հերթին քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք արդեն ի վիճակի չեն կատարելու իրենց պարտավորությունները»։

Կիվիրյանը բոլոր քաղաքացիներին և այս հարցով անհանգստացած կառույցներին հորդորում է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչվելը կասեցնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ