News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիդիան Ինթերնեշընըլի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլեւ փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է եւ վերակազմակերպվելու արդյունքում պետք է ինչ-որ կերպ հատուցի (գույք, արժետոմսեր, բաժնեմաս կամ գումար)։ Այսպես, Լիդիանից պարտք ու պահանջ ունեն՝ Caterpillar Financial Services (UK) Limited-ը, Շվեդադիայի SEK արտահանումների խթանման հիմնադրամը եւ դրան սպասարկող հոլանդական ING բանկը, Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամները, Maverix Metals Inc. ընկերությունը, Ամերիա բանկը եւ շուրջ քառասուն անհատներ, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հուշում են, որ նրանք Թուրքիայից են։

Ի դեպ, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բորսաներում ցուցակված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր բաժնետերերը տեսանելի են ու հնարավոր է նրանց անձերը հաստատել, ինչը մեկ անգամ եւս վկայում է իրական սեփականատերերի մասին Հայաստանի նոր օրենսդրության թերի լինելու մասին։

Ինչ վերաբերում է Լիդիանի բաժնետերերին ու պարտատերերին, առավել շահեկան դիրքում են խոշոր պարտատերերը եւ ապահովագրված վարկեր տրամադրած ֆինանսական հաստատությունները՝ մասնավորապես շվեդական հիմնադրամը, որի տված 50 միլիոն դոլարին համարժեք վարկը ապահովագրված է մեկ այլ շվեդական հիմնադրամի՝ EKN-ի կողմից։

Սնանկության պատճառով վերակազմավորման արդյունքում Լիդիան Ինթերնեշընըլը ձուլվում է իր նորաստեղծ երկու ընկերություններին՝ Lydian Canada Ventures Corporation-ին եւ Lydian U.K. Corporation-ին, որոնք էլ անցնում են պարտատեր ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Այսուհետ, Լիդիանը պատկանելու է Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամներին։ Լիդիան Արմենիան ձուլվող Լիդիան Ինթերնեշընըլի դուստր ձեռնարկությունն է, այս առումով փոփոխություններն էական չեն։

Այս իրավիճակը նման է Թեղուտի դեպքերին, երբ դանիական ֆոնդերը պատժեցին Վալեքսին ու դուրս բերեցին իրենց կապիտալը, վերջինս սնանկացավ եւ իր ողջ գույքը՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հաստացուցիչ ֆաբրիկան, մեքենա-սարքավորումներն ու շարժակազմը, ինչպես նաեւ արդյունահանման լիցենզիաները անցան պատրատեր՝ ՎՏԲ բանկին։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է․ ՎՏԲ-ն վերագործարկեց հանքը՝ առանց ժամկետանց ՇՄԱԳ թույլտվության երկարաձգման, պոչամբարի եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու։

Վերադառնանք թուրքական կապիտալին

Փաստորեն, Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք բացել են ֆեյսբուքյան խումբ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն իրենց կորցրած արժետոմսերը հետ բերելու կամ հատուցում ստանալու համար։ Սա Լիդիանին բնորոշ սպեկուլյացիայի դեմ պայքարելու երեւույթ կհամարեինք ու կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։

Կա նաեւ հարցի ավելի լայն քաղաքական ու մշակութային համատեքստը։ Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ Լինելով գլոբալ կապիտալի ներկայացուցիչ՝ նրանք չեն վարանել շահագործել լոկալ ազգայնական սենտիմենտները, Հայաստան-Ադրբեջան պատերազմը, եւ բազմիցս բնապահպաններին ու Ամուլսարի պահպանության համար պայքարողներին նույնացրել են Ադրբեջանին կամ դրա նախագահ Ալիեւին սպասարկողների հետ (ավելի մանրամասն այս մասին՝ տես «Ամուլսարի հանքի (չ)շահագործումը եւ հեղափոխությունը» զեկույց, էջ 17)։ Ավելին, Ամուլսարի համար պայքարի դեռ ամենասկզբում, 2012թ․ հունիսին, «գնացեք Թուրքիա» պաստառներ էին դեմ տալիս Ամուլսարում հանք բացելու վտանգների մասին խոսողների առջեւ։

Ստորեւ Լիդիանի պաշտոնական էջի ու իրեն սպասարկող ֆեյք էջերի ու օգտատերերի վերջին ժամանակների գրառումներից արտապատկերներն են։

Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրեւ խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական եւ գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր։

Լիդիանի թուրք բաժնետերերն, անշուշտ, նախանձելի վիճակում չեն. նրանք իրենց խաբված են համարում, ինչպես Լիդիանի բոլոր ոչ խոշոր բաժնետերերը։ Այնուամենայնիվ, ստացվում է, որ եթե ներկայիս կառավարությունը շարունակի «խոշոր ներդրողների» շահին չվնասելու նախորդների քաղաքականությունը, առավել եւս, եթե հանկարծ միջամտի ու փորձի բռնի ուժով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ապա այն ուղղակիորեն կնպաստի արժեզրկված բաժնեմասեր ունեցող բոլոր տերերի, ներառյալ՝ Թուրքիայի քաղաքացիների կապիտալի վերականգնմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ