News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք տված գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենքը թեև սահմանադրականության հետ կապված լուրջ խնդիրներ չունի, սակայն յուրաքանչյուր քաղաքացի՝ կոնկրետ դեպքով կարող է գույքահարկը չվճարելու համար սահմանված ակտերը վիճարկել դատական ատյաններում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում։ Այս տեսակետը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, հարկային իրավունքի մասնագետ Տիգրան Խաչիկյանը՝ անդրադառնալով գույքահարկի վերաբերյալ օրենքի սահմանադրականությանը։

Ըստ նախկին պաշտոնյայի՝ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Կենտրոնում, սակայն իրենց սոցիալական վիճակից ելնելով՝ զրկված են գույքահարկ վճարելու հնարավորությունից, Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել, թե որքանո՞վ է իրենց վրա տարածված օրենքը համապատասխանում Սահմանադրության պարզ սկզբունքներին՝ համաչափությանը և որոշակիությանը։

Նշենք, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև օրենքները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

«Ճիշտ է, առերևույթ հարկերը տարբերակված վճարելն ինքնին չի առաջացնում սահմանադրականության հետ կապված որևէ խնդիր, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է այս օրենքը համապատասխանում համաչափության և որոշակիության սկզբունքներին։ Գույքահարկի չափը սահմանելիս պետք է հաշվի առնվեին նաև անձանց սոցիալական հնարավորությունները։ Այն գաղափարը, որ քաղաքի մի մասում բնակվողի գույքը իր ունեցած արժեքով շատ ավելին է, հետևաբար պետք է ավելի գույքահարկ վճարվի, դեռևս հիմք չէ անձից ավելի բարձր չափով գույքահարկ գանձելու, քանի որ այդ արժողությամբ բնակարանի առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ քաղաքացին կարող է բարձր գույքահարկ վճարել։ Իսկ եթե որպես չափանիշ հաշվի են առնում միայն բնակարանի արժեքը, ստացվում է, որ այդ չափանիշով պարտավորեցնում են՝ Երևանի Կենտրոնը լքել բոլոր այն անձանց, որոնց բաժին հասած բնակարանն ունի բացառիկ ոչ գույքային արժեք, սակայն սոցիալական պայմաններոի բերումով նրանք զրկված են գույքահարկ վճարելու հնարավորությունից»,–ասաց Խաչիկյանը։

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք գույքը տարբերակված եղանակով հարկելը՝ հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանը նույն ծառայություններն է մատուցում Երևանի Կենտրոնում բնակվող թե' ունևոր, և թե' աղքատ բնակչին, Խաչիկյանն ասաց.

«Բոլորին նույն կերպ սպասարկելը չէ միակ գործոնը, որով պետք է պայմանավորված լինի հարկի առաջացումը կամ բարձրացումը, քանի որ այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեքենաների գույքահարկի պարագայում էլ սկզբունքորեն նույն գործողություններն են իրականացվում, սակայն մեքենաների գույքահարկը սահմանվում է այլ գործոններ հաշվի առնելով՝ մեքենայի արժեք, շարժիչի աշխատանքային ծավալ և այլն, հետևաբար որևէ հարկատեսակ բարձրացնելիս, հիմքում ընդամենը մեկ հանգամանք դնելը սխալ է»։

Տիգրան Խաչիկյանի կարծիքով՝ գույքահարկի բարձրացման պատճառով առաջացած սոցիալական արդարությունը հնարավոր է վերականգնել Սահմանադրական արդարադատության միջոցով։

«Ցանկացած քաղաքացի գույքահարկի հետ կապված վարչական ակտերը կարող է վիճարկել վարչական դատարանում, սպառել ներպետական պաշտպանության բոլոր օղակները, ապա վիճարկել Սահմանադրական դատարանում այն համատեքստում, որ ինքը տարիներ շարունակ վճարել է կոնկրետ չափի գույքահարկ, ունեցել է սպասում, որ շարունակելու է այդքան վճարել նույն չափի հարկ, սակայն բարձրացվել է գույքահարկը առանց հաշվի առնելու իր սոցիալական վիճակը և այլն։

Եթե գույքահարկը բարձրացվել է մեխանիկական հիմունքներով, այսինքն՝ հիմքում դրվել է միայն արժեքային գաղափարը, ապա վիճելի է՝ արդյո՞ք այն կարող է համարվել սահմանադրական։ Անձը կարող է վկայակոչել այս հանգամանքը և վիճարկել նորմի սահմանադրականությունը։

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի այն գնահատականին, թե օրենքի ընդունումը ժամանակավրեպ է, իրավաբանը պատասխանեց.

«Օրենքի ընդունման ժամանակավրեպ լինելը պետք է փաստարկվեր կոնկրետ գործողություններով։ Եթե մատնանշում ես, որ այն ժամանակավրեպ է, դա խոսում է այդ օրենքի ընդունման մասով անձի կոշտ դիրքորոշման, նրա ունեցած լուրջ մտահոգությունների մասին և այս համատեքստում, առնվազն անտրամաբանական է ստորագրել օրենքը, ապա ասել, թե այն ժամանակավրեպ է»։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։ Որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ