News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխությանը, Արփինե Հարությունյանը հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարված հողամասում նախատեսվող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ նամակ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, խիստ հիասթափվել են ստացած՝ «Այս հարցը նախագահի իրավասություններից դուրս է» պատասխանից:

Երիտասարդ գիտնականները նշում են՝ գոյություն ունի հրատապ խնդիր, և այն պետք է լուծել, իսկ ՀՀ նախագահի պատասխանը հարիր չէ գիտնականի պատասխանին, որը մոտենում է խնդրին տարբեր կողմերից և ոչ ստանդարտ լուծումներ փնտրում։

«Եվ իսկապես, լուծումներ շատ կան, և դա Ձեր հնարավորությունները թույլ են տալիս։ Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ, որը փորձում է իր ազդեցությունն ու վարկանիշն օգտագործել համոզելու, բացատրելու կառավարությանը խորհուրդներով, հորդորներով և ծանրակշիռ փաստարկներով՝ ճիշտ որոշումներ կայացնելու։ Ձեր պատասխանը չի բավարարում երիտասարդ գիտնականներին, ովքեր մնացել են և պայքարում են երկրի զարգացման համար։

Այո, հիասթափված ենք, բայց ներքուստ դեռ մի փոքր հույս ենք փայփայում, որ խնդիրը Ձեզ չեն հասցրել, որ դա լոկ Ձեր աշխատակազմի աշխատողներն են, որ փորձել են «ջանասիրաբար» կատարել իրենց աշխատանքը՝ Ձեզ հեռու պահելով լրացուցիչ «գլխացավանքից», Ձեր աշխատողներն են, որոնք հեռու են Գիտությունից և անտեղյակ են ՀՀ-ի զարգացման Ձեր տեսլականից և բոցաշունչ ելույթներից։

Պարոն Նախագահ, այո՛, Դուք, մենք, կարող ենք և պետք է գործենք, միասին, հենց հիմա, քանի դեռ ուշ չէ»,- ասված է երիտասարդ գիտնականների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են կառուցապատողի հետ, զրուցել, բաց այդպես էլ որևէ եզրահանգման չեն եկել, քանի որ իրենք մնում են նախկին կարծիքին, որն է՝ գիտական հաստատության տարածքում բնակելի շենք չի կարող կառուցվել:

Նա հայտնեց նաև, որ գիտնականների՝ ՀՀ նախագահին ուղարկված նամակը վերահասցեագրվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտե։

Հավելենք, որ ճշտելու համար, թե կառուցապատման ի՞նչ նախագծի մասին է խոսքը՝ 168.am-ը զրուցել է կառուցապատմանն ուղղված ներդրումային ծրագիրն իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ, ով հայտնել է, թե  ծրագրում են կառուցել միայն մեկ շենք, որի  հարկերի քանակը դեռ չգիտեն, քանի որ համալիրը դեռևս էսքիզային նախագծման փուլում է, և շենքի վերջնական հարկայնության հարցը որոշում է Երևանի քաղաքապետարանը:

«Համալիրի նախագծի ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի վերջնական հաստատմանը մինչև այս տարվա վերջ: Այդուհանդերձ, նշեմ, որ համալիրը չի գերազանցելու 17 հարկը: Նշեմ  նաև, որ հարակից տարածքի կառույցներն անհանգստանալու որևէ առիթ չունեն, քանի որ շենքի նախագծումն ու կառուցապատումն իրականացվելու է քաղաքաշինական, ճարտարապետական և բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան»,- ասել էր Արտաշես Վարդանյանը։

Տպել