News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ակցիային ներկա է նաեւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որը դիմեց մասնակիցներին՝ ժամանակավոր դադարեցնել ակցիան եւ բացել Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։

«Գիշերը Լիդիանը չի կարող ոչինչ անել, վարչապետն եւս ասել է՝ մոռացեք ճանապարհը փակելը, այն ազդում է նաեւ առողջարանի վրա: Որպես համայնքի ղեկավար՝ խնդրում եմ ճանապարհը բացել, 12 ժամվա մեջ ոչինչ չի փոխվի, ես կմնամ տղաների հետ»,- ասաց նա։

Քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը Ջերմուկի քաղաքապետին դիմեց, նշելով, որ քաղաքապետը իրավասու է հարցը քննել տեղական հանրաքվեի միջոցով.

«Ձեր ղեկավարման տակ գտնվող համայնքում իրականացվում է ինչ-որ գործառույթ, որը վնասում է եւ՛ քաղաքացիների, եւ՛ Հանրապետության օրինական շահերին, մենք հռչակել ենք ժողովրդավարությունը որպես սկզբունք, դուք իրավասու եք այս հարցը դնել տեղական հանրաքվեի, որ համայնքն իր կարծիքն արտահայտի՝ համաձա՞յն է արդյոք, թե ոչ»։

Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ քաղաքացիները տվել են իրենց ստորագրությունները, հարցով զբաղվել է Քննչական կոմիտեն, «Էլարդը». «Եթե կարծում եք, որ Ջերմուկի ավագանին հնարավորություն ունի մարդուն սեփականությունից զրկելու, ավագանին չի  կարող զրկել, ավագանին կարող է ուղերձ հղել»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

Տպել
Ամենաշատ