News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այդ մասին մեզ տեղեկացվել է, բայց ես ոչ մի գրավոր հրաման կամ որոշում չեմ տեսել, սպասում եմ, այսօր պետք է գա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի սեփականատեր Արտյոմ Մելքումյանն՝ անդրադառնալով Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությանը, թե կասեցվելու է «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվի ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։

«Բնականաբար, դժգոհություններ կան, որովհետև դա մեծ ծախսերի հետ է կապված։ Ի՞նչ ասեմ, բայց դե կարգադրություն է, երևի պետք է անենք։ Սպասենք, տեսնենք, երբ թուղթն ինձ մոտ կլինի, որ ես հստակ իմանամ որոշման մասին»,- ասաց լողափի սեփականատերը։

Ըստ նրա՝ լողափի ապամոնտաժում այս պահին կատարվում է, բայց ոչ լիարժեք։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր կարգադրության մասին զուգահեռ տեղեկացրել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ Մեր հարցին, թե ինչպե՞ս էիք այս ընթացքում աշխատում, այն դեպքում, երբ նախարարը նման հայտարարություն է անում, Արտյոմ Մելքումյանը խուսափեց մեկնաբանություն տալ։

«Այդ հարցերի պատասխանները ես գիտեմ, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ դրանց պատասխանեմ, մյուս անգամ կասեմ»,- շեշտեց նա։

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի հետ, քանի որ նրա անունը կապվում էր լողափի հետ, Արտյոմ Մելքումյանն արձագանքեց.

«Մենք շատ վաղուց ենք ծանոթ իրար հետ, ինքն այդ օրը իմ մոտ ուղղակի հյուր էր, որ իրեն նկատեցին։ Ինքն այդ տարածքի հետ այնքանով կապ ունի, որ զուտ իմ ընկերն է, ինքը այստեղ բոլոր լողափերում հաճախ է լինում, ուղղակի այդ օրն ինձ մոտ էր, իմ մոտ նկատեցին։ Հիմա եթե իր ընկերը ինչ բիզնես ունենա, պետք է իր հետ կապե՞լ։ Լուրերին որ մնա, ասվում էր, որ մենք հարկային դաշտում չկանք, հենց այդ խոսակցություններից հետո հարկայինն էլ է եկել ինձ մոտ, նայել են, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ասում են՝ մենք գիտենք, որ ամեն ինչ կարգին է, տեսնում ենք, բայց զուտ լուրերի տարածման պատճառով, մենք էլ եկել ենք ստուգենք մեր մասով»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Շրջակա միջավայրի նախարարն ասում, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի, Արտյոմ Մելքումյանը որոշ մանրամասներ ասաց․

«Հենց իմ անունով ԱՁ-ը է բացված, իմ աշխատողները բոլորը գրանցված են, լավ, երկարում է մեր խոսակցությունը, հիմա չէ, խոստանում եմ՝ ամբողջի մասին կխոսենք»,- ասաց «Սպիտակ Շորժա» լողափի սեփականատերը՝ այլ հարցերի չպատասխանելով։

Տպել
Ամենաշատ