News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օրը կոնկրետ չեմ հիշում, բայց Ֆերիկի բնակիչները զանգեցին և խնդրեցին, որ մեկնեմ գյուղ, որովհետև գյուղատնտեսական տեխնիկա էր գյուղ բերվել,  որպեսզի այդ հողակտորներում աշխատանքներ իրականացվեն, սակայն գյուղացիները թույլ չէին տալիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով սիրիահայ գործարար Արա Տագեսյանի և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի հայտարարություններին, թե իշխանական պատգամավորը խոչընդոտել է Արմավիրի մարզում սփյուռքահայ գործարարի բիզնես գործունեությանը։

«Մեկնել եմ Ֆերիկ համայնք, ճանապարհին զանգել եմ համայնքապետին, խնդրել, որ մյուս կողմի ներկայացուցիչները չմեկնեն, ցանկանում էի իրենց հետ էլ հանդիպել, որպեսզի երկու կողմերին էլ լսեի, թե ինչ խնդիր կա։ Հանդիպել եմ  գյուղացիներին, ոստիկանների կային, խնդրել եմ իմ ազգակիցներին, որպեսզի բախման չգնան, խաղաղ ճանապարհով գնան խնդրի լուծմանը, իրենք  հայտարարում էին, որ ոչ մի կերպ թույլ չեն տալու, որպեսզի այդտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարվեն, և իմ ազգականները հորդորս լսել են և չեն գնացել այդ ճանապարհով, գուցե ճանապարհները փակել են, բայց որևէ այլ  միջադեպ տեղի չի ունեցել»,-  հավելեց իշխող ուժի պատգամավորը՝ շարունակելով, որ  իրեն չի հաջողվել հանդիպել գործարարի հետ։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը սփյուռքահայ գործարարն ու նրա փաստաբանը հայտարարել էին, որ իշխանական պատգամավորը հրահրել է զանգվածային անկարգություններ։ Ռուստամ Բաքոյանը  զրպարտանք է որակում գործարարի և նրա փաստաբանի կողմից արված հայտարարությունները։

«Այն ինչ իրենք հայտարարել են՝ բացարձակ սուտ է։ Որևէ այլ կերպ չեմ ուզում այդ էժան խոսակցությունները մեկնաբանել»,- ասաց պատգամավորը։

Սիրիահայ գործարարի փաստաբանը հայտարարել էր նաև,  որ գյուղացիների դժգոհությունը եղել է այն, որ այդ տարածքը ժամանակին արոտավայր է եղել, հետո սեփականաշնորհվել է, և գյուղացիները  ցանկանում են, որ տարածքը կրկին որպես արոտավայր  ծառայի։

«Ֆերիկ համայնքն ունի 205 հա արոտավայր, որը վաճառվել է առանց գյուղացիների իմացության և ավագանու ներկայացմամբ իր ստորագրությունը կեղծվել է և դրա արդյունքում հողը վաճառվել է երկու եղբայրների Զարզանդ և չգիտեմ ինչ Գրիգորյաններին (հեղ․ նկատի ունի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներին)։ Հետաքրքրիրն այն է, որ հենց հեղափոխության օրերին հողը վաճառվում է սփյուռքահայի։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ հենց հեղափոխությունը եղավ այդ օրերին, հայտնվեց սփյուռքահայ և գնեց այդ հողակտորը»,- հռետորական հարց բարձրացրեց Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ ի սկզբանե իրենց մտահոգությունը «հողի ձեռքբերման մութ գործարքն է»։

«Գործը իրավական հարթությունում է, ես որևէ անելիք չունեմ այստեղ։ 2018թ․-ից այլևս մենք իրավական, ժողովրդավար երկրում ենք պարում, և ես որպես իշխանության ներկայացուցիչ, պատգամավոր որևէ խնդիր կամ առաքելություն չունեմ այստեղ առանց օրենքի տառին միջամտելու նման գործողություններին։ Իրավապահ մարմինները միջամտել են, վերջնարդյունքը հայտնի կդառնա դատարանում»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ինքը որևէ մտահոգություն չունի՞, Ռուստամ Բաքոյանն արձագանքեց․

«Ես մտահոգություն ունեմ այնքանով, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, այստեղ ազգային փոքրամասնությունները շուրջ երկու տոկոս են կազմում և ազգային փոքրամասնությունների տարածման արիալը եթե տեսնում եք, հիմնականում հայերի հետ համատեղ են ապրում։ Արմավիրի մարզում ունենք մի եզդիական համայնք, որտեղ այս հողակտորը կորցնելու դեպքում գյուղացիները այլ աշխատանք չեն կարող ունենալ»։

Ռուստամ Բաքոյանը հավելեց, որ  երբևէ այդ գործի հետ կապված չի հարցաքննվել։ Իշխող ուժի պատգամավորը շեշտում է՝ իշխանության նպատակը ներդրումների ծավալը մեծացնելն է։

«Ես որպես իշխանության ներկայացուցիչ միայն կարող եմ խթանել և փորձել օգնել, որպեսզի ներդրողները քիչ խոչընդոտների հանդիպեն մեր երկրում, այս առումով ինչ ներկայացրել են, կարծում եմ՝ ճիշտ չեն ներկայացրել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ