News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման եւ հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվության ծառայությունից։

Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներքո՝ տնտեսվարողների համար արտահանման եւ ներմուծման գործընթացները հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով: Ըստ պատասխանատուների, մեկ վայրում՝ վերը նշված կենտրոնում, գործելու են նաեւ արտահանման եւ ներմուծման գործառույթներում ներգրավված շահագրգիռ մյուս գերատեսչությունների ծառայությունները, ինչի արդյունքում տնտեսվարողներն այլեւս ստիպված չեն լինի լիցենզիաների, թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով այցելել այս կամ այն վայրում գտնվող գերատեսչություն, կորցնել ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել ԱՏԳ կենտրոնի զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաեւ հետագայում նախատեսվող այլ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցման, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովման, փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատման ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տնտեսվարողների համար ապահովենք գործունեության լավ պայմաններ ու հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի կարեւոր ու ռազմավարական նշանակություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առաջիկայում քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ