News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Անշուշտ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն վստահաբար լինելու է, բայց ենթադրում եմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելուց հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ոլիխանյանն՝ անդրառանալով այսօր ԱԺ-ում քննարկվող կորոնավիրուսի դեմ պայքարում  համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման նպատակահարմարության մասին հարցին։

«Արդյունավետությունը գնահատելու համար պետք է ավարտուն գործողությունների մասին ենթադրություններ անես։ Քանի դեռ այդ գործողությունները չեն ավարտվել, ենթադրում եմ, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները նպատակ ունեն որոշակի փուլի վերաբերյալ գնահատականներ տալ։ Ես դրան դեմ չեմ, բայց կարծում եմ՝ անարդյունավետ կլինի, մենք կունենանք կիսատ բանի վերաբերյալ կիսատ գնահատական»,- նշեց Տիգրան Ուլիխանյանը։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն, ըստ իշխող ուժի պատգամավորի՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ նման լայնածավալ միջոցառումներ առաջին անգամ են լինում, և պետք է դրանց վերաբերյալ գնահատականներ հնչեն, որպեսզի հասկանանք, թե ո՞րն ենք ճիշտ արել, ո՞րը՝ սխալ։

«Կարող եմ ասել, որ անշուշտ սխալ արարքներ կլինեն, պետք է ճշտել՝ այդ սխալները չիմացության արդյունք են, արդյո՞ք հանցավոր անգործության հետեւանք են եղել։ Ի վերջո՝ նպատակը ո՞րը պետք է լինի՝ բացահայտել բոլոր թերացումները և լուծում տալ դրանց, որպեսզի ապագայում չլինեն, ինչպես նաև բացահայտել բոլոր այն գործընթացները, որոնք արդյունավետ են եղել և մենք դա գուցե արտահանենք, այսինքն հայտարարենք, որ դա կառավարման լավ ձև է»,- ասաց նա։

Իշխանություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ մեղադրում են ոչ միայն խորհրադարանական ընդդիմադիրները, այլև արտախորհրդարանական ուժերը։ Նախաձեռնության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Կկառավարությունը պատասխանատու է 1000-ից ավելի մահերի համար։

«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման առումով տապալում չի եղել, ես դա չեմ կապում ապագայում այդ քննիչ հանձնաժողովի գնահատականի հետ։ Բացառում եմ, որ քննիչ հանձնաժողով ձևավորվի, որը կգա այն եզրակացության, որ տապալում է եղել։ Տապալում չի եղել, այդպիսի բառապաշարով հանդես եկողները անհիմն հայտարարություններ են անում և ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն միտված գործողություններ, այլ հերթական առիթն է իշխող քաղաքական թիմին վարկաբեկելու, վնասելու, առանց որևէ առաջարկ անելու՝ ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ անելու»,- նշեց իշխող ուժի պատգամավորը՝ հավելելով, որ եթե Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է այսքան մարդ, ապա դա չի նշանակում, որ համավարակի դեմ պայքարը տապալված է։

Տիգրան Ուլիխանյանը չբացահայտեց՝ կողմ, թե դեմ կքվեարկի հանձնաժողովի կազմը սահմանելու մասին նախագծին։ Պատգամավորը կրկնեց՝ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը կողմ է, բայց ցանկանում է, որ ԱԺ-ի զեկույցը մեծ բովանդակություն, հետևաբար նաև հետևանքներ ունենա։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի սկզբին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ