News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը, և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել և առաջարկում են, որպեսզի 27 տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարի շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար և ազատվի քրեական պատասխանատվությունից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին, հիշեցրեց, որ երբ ինքը 2019թ․-ին առաջարկեց, որպեսզի մինչև 2018-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տրվի վերադառնալ Հայաստան, սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվել քրեական հետապնդումից, իր այդ նախաձեռնությունը մերժվեց։

«Անունը դրեցին, որ դա ժամանակավոր լուծում է, մինչդեռ պետք է համակարգային։ Հետո համակարգայինը չեղավ, ես կրկին փորձեցի, բայց ինձ այն ժամանակ մեղադրեցին բանակից փախնելու գործընթացը խրախուսելու մեջ, բայց պարզվեց միայն գումարի խնդիրն է, որովհետև հիմա գրեթե նույն նախագիծն են բերել, ինչ ժամանակին կար, գումարի չափը՝ մեծացրած։ Այսինքն՝ մոտեցումն այսպիսին է, որ ով սփյուռքահայ է, ուրեմն նա միլիոնատեր է։ Գումարը տատանվում է 5,5 մլն-ից 6 մլն դրամի սահմանում, ամեն քաղաքացի չէ, որ կարողանալու է այդ գումարը վճարել և վերադառնալ։ Հայրենադարձության նպատակին սա կարող է չծառայել»,- ասաց պարոն Գորգիսյանը։

ԼՀԿ-ական պատագամավորը խոստացավ նախագծին առավել մանրամասն անդրադառնալ, երբ այն համապատասխան հանձնաժողովում քննարկվի։

«Կարծում եմ նախագիծն այս դրույթներով խնդրահարույց է և որոշ դրույթներով հակասում է նույնիսկ Սահմանադրությանը։ Նախագծով սահմանվում է՝ եթե ցանկություն կհայտնեն ներգրավվել զինված ուժերում, առաջիկա երեք տարվա ընթացքում զինծառայության անցնելու պարագայում, հետ կստանան այդ գումարը», ասաց Գ․Գորգիսյանը:

Ըստ Գևորգ Գորգիսյանի՝ նախագծում ևս մեկ խնդրահարույց կետ կա, որը ստիպելու է քաղաքացիներին Հայաստան չվերադառնալ։

«Օրինակ՝ նախկին իրավակարգավորումներով, եթե քաղաքացին վերադառնում էր ՀՀ և պարտադիր զինվորական ծառայության անցնում՝ նրան ներվում էր այդ փախած ժամանակահատվածը, հիմա բացթողած ամեն զորակոչի համար մի ամիս ավելի պետք է ծառայի քաղաքացին։ Դա նշանակում է, որ քաղաքացիները կխուսափեն գալ և կսպասեն մինչև 27 տարին լրանա, գումարը վճարեն՝ նոր գան։ Ակնկալել, որ ինչ-որ մեկն այդ ընթացքում կգա ծառայության՝ ուղղակի չի լինելու։ Դրա համար կարող են օբյեկտիվ պատճառներ լինել, օրինակ՝ քաղաքացին սովորել, ավարտել և գալիս է, դրա համար նրան պատժել և ասել, որ 4 տարի սովորել ես, դա նշանակում է 8 անգամ զորակոչի բացթողում ունես և պետք է 8 ամիս ավելի ծառայես՝ քաղաքացիները չեն գա»,- նկատեց նա։

Հավելենք, որ դեռ փետրվարին ԼՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3000-ից ավելի քաղաքացիների նկատմամբ, սակայն դիմումը մերժվել էր։ Նույն նախաձեռնությամբ «Լուսավոր Հայաստանը» հանդես եկավ նաև շաբաթներ առաջ։ Սեպտեմբերի 2-ին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ևս մեկ անգամ դիմում է Կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, որոնց մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։

Նշենք նաև, որ այս պահին հետախուզման մեջ է 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի մոտավորապես 4.000 քաղաքացի, որոնք վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, քանի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։

 

Տպել
Ամենաշատ