News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց առավելությունն ընդգծելու նպատակով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Այս հարցի շուրջ պարզաբանումների համար էլ սեպտեմբերի 15-ին, ժամը 22-ին, կողմերը հավաքվել են Գնդեվազ գյուղի բնակելի տների մոտ` «Խաչերի գլուխ» կոչվող վայրում: Կողմերից մեկական հոգի առանձնացել են, սակայն համաձայնության չգալով` սկսել են իրար հայհոյել ու հարվածել: Կռվին միջամտել են մյուսները, եւ անտեսելով, որ գտնվում են տների մոտ, բնակիչների ներկայությամբ մոտ 40 րոպե միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, իրար հարվածել ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետեւել են նաեւ բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաեւ քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր ու քարեր:

Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել եւ ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Հորդորում ենք նմանատիպ ակցիաների մասնակից բոլոր կողմերին` գործել բացառապես օրինականության սահմաններում, հարգել այլոց իրավունքն ու ոչ մի պարագայում չխախտել հասարակական կարգը, այլապես իրավապահների միջամտությունը չի ուշանա:

Տպել
Ամենաշատ