News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են պաշտպանության մասին համաձայնագիր, որը Թուրքիայի համար կարող է ունենալ ռազմավարական հետեւանքներ՝ նկատի ունենալով այս երկրների դիմակայությունը Անկարայի արտաքին քաղաքականությանը, նշում է Ahval պարբերականում հրապարակված «Որքանո՞վ է նշանակալի Հունաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ պաշտպանության մասին համաձայնագիրը» հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը։ 

Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զաիդ բեն Սուլթան Ալ Նահայանայի խոսքով՝ այս ռազմավարական գործընկերությունն ուղղված է երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությանը։ Արժե հատուկ նշել այս համագործակցության ռազմական ուղղությունը, որը այս երկրներից յուրաքանչյուրին պարտավորեցնում է մյուսին օգնության հասնել տարածքային ամբողջականությանը սպառնալիքի դեպքում։

Stratfor ընկերության վերլուծաբան Ռայան Բոլի կարծիքով՝ ներկայումս Հունաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ կապերը խորհրդանշական բնույթ են կրում։

«Երկու կողմերի համար ամենազգալի օգուտն այն է, որ երկուսն էլ, կարծես, բազմակողմության կողմնակիցներ են, որին ԱՄՆ-ն հիմա պատրաստ է կրկին նախապատվություն տալ Բայդենի վարչակազմի օրոք»,- կարծում է փորձագետը։

Բոլի կարծիքով՝ բազմակողմ հակաթուրքական դաշինքի ստեղծումը, անգամ «խորհրդանշական դիվանագիտական ոլորտում» ե՛ւ Բայդենի նոր վարչակազմին, ե՛ւ ԵՄ-ին կտրամադրի «այլընտրանքային շրջանակ՝ թուրքական վարքագծին հակազդելու փորձերի համար, որը դիտարկվում է որպես ապակայունացնող»։
«Սակայն Թուրքիան առայժմ մնում է ՆԱՏՕ-ի անդամ, ինչը նշանակում է, որ այդպիսի համաձայնագրերի ռազմական արժեքավորությունը նվազագույն է»,- ասել է նա։
«Եվրոպա» կազմավորման միջազգային կենտրոնի ավագ գիտաշխատող եւ Բեգին Սադաթի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատակից Ջորջ Ցոգոպուլոսն իր հերթին նշել է, որ Հունաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է տարածաշրջանային խաղացողների հետ լավ հարաբերությունների եւ տարածաշրջանային համագործակցության  սխեմաների վրա։

«ԱՄԷ-ի հետ համագործակցությունը ծաղկել է վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես այն պատճառով, որ ԱՄԷ-ն քննադատել է ծովային տարածքների վերաբերյալ թուրք-լիբիական փոխըմբռնման հուշագիրը»,- Ahval- ին տված հարցազրույցում ասել է Ցոգոպուլոսը` վկայակոչելով դեռեւս մայիսին Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հայտարարությունը:

«Երկու կողմերն էլ աջակցել են գեներալ Խալիֆա Հաֆթարին լիբիական քաղաքացիական պատերազմում: Անցյալ տարվա օգոստոսին Կրետեում տեղակայված հունական ու էմիրաթական F-16 կործանիչների պատրաստումը վկայում է համերաշխության մասին»,- նշել է փորձագետը:

Չնայած Ցոգոպուլոսը դրական է համարում Հունաստանի արտաքին քաղաքականության բազմակողմանի լինելը, նա ընդգծել է, որ դա չի կարող լուծել Հունաստանի ու Թուրքիայի միջեւ առկա ծովային վեճերը: Հետեւաբար, նրա կարծիքով, Հունաստանը պետք է հանդես գա դիվանագիտական նախաձեռնությամբ երկխոսություն սկսելու համար՝ նպատակ ունենալով սահմանազատել մայրցամաքային խութը:

«Առանց այս խնդրի լուծման, արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը կշարունակի աճել»,- ասել է նա:

«Այսպիսով, Աթենքը պետք է օգուտ քաղի եւ սահմանի իր համար դիվանագիտական զարգացումը: Անգամ արեւելյան Միջերկրածովյան գազի ֆորումը Հունաստանի նախաձեռնությամբ կարող է ավելի ընդգրկուն դառնալ, եթե Թուրքիան պահպանի մեծամասնության կողմից սահմանված կանոնները»,- հավելել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ