News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի պատվիրակությունը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորությամբ, նախօրեին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Պատվիրակությունն իր հետ բերել է 25 տոննա հումանիտար բեռ։ Պատվիրակության անդամները այցի մանրամասները ներկայացրեցին նոյեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում։

«Ֆրանսիայի նախագահը ցանկացել է, որ օգնությունն ուղարկվի հնարավորինս արագ։ Դրա կարիքն առանձնապես ունեն վիրավորները եւ տեղահանված անձինք»,- շեշտեց Լեմուանը, որն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան։ Նա ներկայիս իրավիճակը համեմատեց այն իրավիճակի հետ, որը ստեղծվել էր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ «Այդ ժամանակ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը միավորեց ամբողջ աշխարհին։ Եվ ես հավատում եմ, որ այս դժոխքից հետո էլ ծառերը նորից կծաղկեն»,- նշեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը։

Ճգնաժամի եւ աջակցության ֆրանսիական կենտրոնի տնօրեն Էրիկ Շեւալյեն հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստան էին գործուղվել ֆրանսիացի բժիշկների։ Անցյալ շաբաթ օդանավը Երեւան էր հասցրել հումանիտար օգնության բեռ, այդ թվում 500 վիրավորների համար շարժական հոսպիտալ։ Պատվիրակությունը Հայաստան է բերել տարբեր կազմակերպությունների՝ «Ազնավուր» հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԽՄԿ-ի, «Էլեկտրիկներ առանց սահմանների»-ի հավաքած հումանիտար բեռ։ Կլինեն նաեւ այլ օդանավեր, հայտնեց Էրիկ Շեւալյեն։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ֆրանսիական եւ հայկական հիվանդանոցների միջեւ ուղիղ համագործակցություն, մասնավորապես՝ Երեւանի հիվանդանոցների հետ Մարսելի եւ Լիոնի հիվանդանոցների համագործակցություն։

«Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրը շեշտեց, որ իրենք պատերազմի առաջին օրվանից Հայաստանի եւ Արցախի կողքին են։ «Տարբեր կազմակերպությունների շնորհիվ հավաքվել է մոտ 320 խորանարդ մետր օգնություն։ Դժվար է հաշվել, թե քանի մարդ է օգնել՝ մոտ 10 հազար մարդ։ Ուղարկվել են սննդամթերք եւ դեղորայք մոտ 2 հազար ընտանիքների համար։ Երեկ նաեւ տաք հագուստ են բերել, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, դեղեր։ Ցանկանում եմ շեշտել, որ մենք հեռու լինելով, վերապրել ենք նույն ցավն ու վիշտը»,- հայտարարեց նա։

Հայաստանում Ֆրանսիայի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեւֆը ցավակցեց բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց երեխաներին, եղբայրներին, ընկերներին կամ հարեւաններին։ «Ֆրանսիան եւ Սփյուռքը միասին են։ Մենք հատուկ առաքելությամբ ենք եկել, եւ մեզ համար սա հատուկ օր է։ Այն ցույց է տալիս Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքը։ Դուք մենակ չեք։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք»,- շեշտեց Յուրի Ջորկաեւֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ