News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ներկայացրել է տնտեսական քաղաքականության հարցերով իր գլխավոր խորհրդականներին, երբ իր թիմը պատրաստվում է ստանձնել իր լիազորությունները՝ կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի պատճառով տնտեսական վերականգնման դանդաղեցման պայմաններում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դեկտեմբերի 1-ին Բայդենը ելույթ է ունեցել Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում՝ այն մարդկանց հետ, ում նա մտադիր է նշանակել առանցքային պաշտոնների, նրանց թվում են ֆինանսների նախարարի թեկնածու Ջանեթ Յելլենը, ով նախկինում ղեկավարում էր Դաշնային պահուստային համակարգը:

Բայդենի կողմից ընտրված թիմի կազմն ընդգծում է, որ նա համավարակի դեմ պայքարի ավելի ագրեսիվ մոտեցման կողմնակից է: Նրա բոլոր ապագա խորհրդականները կողմ են խթանման լրացուցիչ միջոցներին` աշխատաշուկայի ամրապնդման, տնտեսական անհավասարության նվազեցման եւ տնտեսական անկման հետեւանքով հատկապես շատ տուժած կանանց եւ փոքրամասնություններին օգնելու համար:

Տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնում Բայդենը պատրաստվում է նշանակել Փրինսթոնի համալսարանի տնտեսագետ Սեսիլիա Ռոուզին: Խորհրդի կազմում կլինեն նաեւ տնտեսագետներ Հիզեր Բոուշին եւ Ջարեդ Բերնշտեյնը: Ընտրված նախագահը Սպիտակ տան Բյուջետային վարչության ղեկավար կնշանակի Center for American Progress-ի հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Նիրա Թանդենին:

Հատկանշական է, որ Բայդենն իր տնտեսական թիմի մի շարք ղեկավար պաշտոններում նախատեսում է կանանց նշանակել: Սա արտացոլում է դաշնային կառավարության վերին օղակներում բազմազանությունը մեծացնելու նրա ցանկությունը:

Ռոուզը կդառնա առաջին սեւամորթ կինը, ով կղեկավարի նախագահին կից Տնտեսական խորհուրդը, Թանդեն առաջին սեւամորթ կինն է, ով կգլխավորի Բյուջետային վարչությունը, եւ Յելլենը՝ առաջին կինը կլինի ֆինանսների նախարարի պաշտոնում:

Բոլոր երեք նշանակումները պահանջում են Սենատի հաստատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ