News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


29–ամյա Սերգեյ Մուրադյանը պատերազմի դաշտ մեկնեց որպես ավագ լեյտենանտ, սակայն պատերազմի ընթացքում կատարած սխրանքների համար արժանացավ կապիտանի կոչման:  Նրա ընտանիքը՝ կինն ու երկու անչափահաս երեխաները, այժմ վարձով ապրում են Երևանում։

Սերգեյի կինը՝  Աննան, չի պատկերացնում՝ ինչպես է միայնակ մեծացնելու երկու տղաներին, լուծելու բնակարանային ու մյուս խնդիրները։ Նրանից մեջ ջանքեր են պահանջվել ավագ որդուն՝ 5–ամյա Գուրգենին հոր բացակայության մասին ճշմարտությունն ասելու համար։ Սերգեյը զոհվել էր նոյեմբերի 1–ին, իսկ նա միայն երկու օր առաջ է համարձակությունը հավաքել ու որդուն ասել, որ հայրիկին այլևս չի գալու։

«Գուրգենս զինվորական համազգեստով մարդ տեսնելիս հարցնում էր՝ բա պապան ե՞րբ է գալու: Չդիմացա, տարա «Եռաբլուր»: Ցույց տալով հոր գերեզմանը՝ հարցրեց, ուրեմն՝ պապաս էստե՞ղ է, բա պապայիս տանկն ինչո՞ւ չեն բերել: Փոքր տղաս էլ համազգեստով մարդ տեսնելիս պապա է կանչում: Գալիս են նկարի մոտ խոսում են, բայց անպատասխան…», - պատմում է Աննա Մուրադյանը:

Սերգեյի ու Աննայի փոքր որդին՝ Գարեգինը, երկու տարեկան է։ Երազում էին նաև դուստր ունենալու, տուն ունենալու մասին։

«Սեպտեմբերի 27-ին Սերգեյը պետք է տուն գար՝ իր հանգստյան կիրակին անցկացնելու: Վաղ առավոտյան  արթնացա պայթյունի ձայնից, զանգահարեցի ամուսնուս: Ասաց, որ անհանգստանալու ոչինչ չկա, բայց հաջորդ զանգին ասաց, որ նկուղ գնանք: Քանի որ նկուղում պայմաններ չկային երեխաներին պահելու համար, 28-ին տեղափոխվեցինք Երևան: Որոշ ժամանակ ապրում էինք բարեկամի մոտ, հիմա՝ վարձակալած բնակարանում», - պատմում է։

Աննան հիշում է՝ Սերգեյը հայրենիքը սիրում էր ամեն ինչից առավել:

«Երբ զրուցում էի ամուսնուս հետ, շատ բարձր և հաղթական տրամադրություն ուներ,  ասում էր՝ այնքան ենք առաջ գնալու, որ այլևս համարձակություն չունենան Արցախի կողմը նայելու, որ այլևս պատերազմ չլինի: Վերջին օրերին անընդհատ ասում էր՝ երեխաներին լավ կնայես, ես էլ ասում էի՝ այդպես մի ասա, կգաս երկուսով կնայենք: Երևի սիրտը զգում էր», -հիշում է Աննան:

Սերգեյ Մուրադյանը ռազմի դաշտում հոկտեմբերի 19-ին դարձավ 29 տարեկան: 2013 թվականից անցել է ծառայության պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող: 2017 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստացել լեյտենանտի կոչում: Կապիտան Մուրադյանը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին որպես «Սև նետ» ջոկատի հրամանատար:

Աննայի համար կորուստը կրկնակի ծանր է. Սերգեյը չկա, հայրենիքը, որի համար նա կյանքը տվեց, նույնպես։

«Դպրոցական տարիներին, երբ հերոսների մասին կարդում էինք, տեսնում էինք՝ հանուն ինչի են զոհվել, ինչն են ազատագրել: Այն տարածքը, որտեղ ամուսինս զոհվել է, հանձնել են: Երբ երեխաներս մեծանան ու հարցնեն՝ հանուն ինչի է զոհվել իրենց հայրը, ի՞նչ եմ պատասխանելու: Ամուսինս հաղթանակն իր սրտում գնաց: Զոհվեց, որ իր երեխաները խաղաղության մեջ ապրեն»։

 Սերգեյ Մուրադյանը նահատակվել է նոյեմբերի 1-ին Մատաղիսում արկի հարվածից:

 «Նոյեմբերի 1-ին ինքը զոհվեց, հետո պայմանագիրը ստորագրվեց: Դա երկրորդ հարվածն էր ինձ համար, և կարծում եմ՝ բոլոր զոհերի հարազատների համար», - ասում է Աննան։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ