Էջմիածնի զորամասի դիմաց՝ անհետ կորած զինծառայողների հարազատների եւ հրամանատար Արսեն Աբգարյանի միջեւ այսօր ընդհարում տեղի ունեցավ։ Աբգարյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ երեկվանից Զանգելանում իրականացվում են որոնողական աշխատանքներ, բայց ծնողները չհավատացին, որովհետեւ ավելի վաղ զրուցել էին ռուս խաղաղապահներից մեի հետ, ով նշել էր, որ Զանգելանում դեռ որոնողական աշխատանքներ չեն սկսվել։

Անհետ կորածի հայրը չկարողացավ իրեն զսպել եւ հունից դուրս եկավ։ Նա  հրամանատարին մեղադրեց տղաներին միայնակ թողնելու եւ փախնելու մեջ։ Արսեն Աբգարյանն էլ արդարանում էր, որ ինքը չի փախել, այլ երկու օր շրջափակման մեջ է մնացել, ապա հաջողվել է փրկվել։

«Իմ երեխաներին դու ես տարել, դու էլ գնա բեր։ Կտամ կսպանեմ, ես ոչ՛ դատվելուց, ո՛չ էլ մեռնելուց եմ վախենում։ Անգրագետներ, մեր երեխեքին տարաք գյուլլի բերանը գցեցիք,  դուք փախաք, եկաք»,- հրամանատարին քաշքշելով ասաց անհետ կորածի հայրը, ով պատմում էր, որ չի կարողանում երեք անչափահաս թոռների հարցերին պատասխանել։