Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտառավոտից հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները. Այստեղ իրավիճակը լարվել է եւ անհետ կորածների հարազատները կոտրելով դուռը, մտել են ՊՆ շենքի տարածք:
Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղել եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: