Որպես շարքային քաղաքացի ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է լինելու էս իրավիճակում, ինչո՞ւ մեր Հանրապետությունը չի կառավարվում, ինչո՞ւ է մեր ժողովուրդը սենց բարձիթողի վիճակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին Կապանում բողոքի ակցիայի ժամանակ, մարզպետի հետ հանդիպմանն ասաց մի տարեց տղամարդ։
«Մենք ու շրջակա գյուղի բնակիչները ոտքի ենք կանգնել մեր սահմանները պաշտպանելու համար։ Մեր նախկին սահմանի ուղղությամբ կոմունիկացիաներ, ճանապարհներ ենք կառուցել, միլիոնավոր դրամի ծախս ենք արել, բայց այսօր մեզ պարտադրում են հետ գնալ։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ մեր պետական այրերը չեն գալիս ժողովրդին կառավարեն, յուրաքանչյուրին իր տեղը ցույց տան, ուղղություն տան, որ մենք էլ կարողանանք մեր կյանքը առաջ տանենք։ Մինչեւ ե՞րբ պետք է մենք այս խամաճիկների ձեռքը կրակն ընկնենք։ Եթե չեն կարող կառավարել, անցնեն իրենց տեղը, կառավարող ուժեր գան, ի՞նչ է մեր ազգն անտաղա՞նդ է, երբ բազում տաղանդներ ենք ունեցել»,- ասաց տարեց տղամարդը։
Նա նշեց, որ Շիկահողի վարչական ղեկավարը երիտասարդ ու խելացի աղջիկ է, բայց նա չի կարող բանակցել։
«Բանակցողը պետք է իմանա ինչի համար է բանկցում, ինչ տարածք է իրենը։ Էսօր խելացի մարդկանց քշեցիք ղրաղ, հիմա չիմացող մարդիկ եկել են ուզում են բանակցել։ Ի՞նչ պետք է բանակցեն։ Պետք է աշխատել։ Պարոն մարզպետ, ասածս Ձեզ՝ որպես պաշտնոյայի վերաբերում է, բայց որպես մարդու՝ ոչ, որովհետեւ Դուք ծառայություն ունեցող մարդ եք, մեր տարածաշրջանում մենք շատ լավ գիտենք Ձեզ։ Նոր եք նշանակվել, էս հարցերը Ձեզնով կարգավորել անհնարին է, բայց Դուք էլ Ձեր պահանջը պետք է ներկայացնեք, որ երկիրը պետք է կառավարել։ Փաստորեն, էդ համաձայնագրով էդ հատվածները, ո էսօր թուրքը որ մեզնից պահանջում է, իրենք տվել են, հիմա էլ մեզ ասում են՝ գնացեք, պաշտպանեք, եթե տվել եք, էլ ի՞նչը պաշտպանեմ»,- նկատեց տղամարդը։











